ՍԱՊԾ-ն բրուցելոզով վարակված մսի վաճառքի ահազանգի հետքերով ստուգումներ կսկսի

Ֆերմեր Տիգրան Եղոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ Մարտունու շուկայում բրուցելոզով հիվանդ կենդանիների միս է վաճառվում:

 

Այս կապակցությամբ «Ա1+»-ի հետ զրույցում ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը նշեց, որ Տիգրան Եղոյանի հայտարարությունն իրենց համար նորություն է, և իրենք այն դիտարկում են որպես ահազանգ:

 

Նա նշեց, որ այդ կապակցությամբ շատ արագ ստուգումներ կսկսվեն: Անուշ Հարությունյանը նաև նշեց, նախկինում ստուգումներ իրականացվել են, սակայն բրուցելոզով վարակված մսի վաճառքի դեպք չեն հանդիպել:

 

Ավելի վաղ Եղոյանը լրագրողներին հայտնել էր, որ ինքը ականատես է եղել մի ահավոր երեւույթի. «Ես ականատես եմ եղել` էս շոգին, մեկ օր առաջ սատկած ձին, որ մարդը եկել, մորթել ա եւ հարց եմ տվել` որտեղ եք տանում, ասելա երշիկի ցեխ, իսկ երշիկն ո՞վ է ուտում, մեր հասարակությունը: Որտե՞ղ է սննդի պետական տեսչությունը, որտեղ է Կառավարությունը, որտեղ են պատկան մարմինները: Եթե իմ հայտարարության մեջ կա զրպարտանք, թող ինձ դատի տան դրա համար: Սիրելի լրագրողներ, առավոտյան ժամը 5-5.30-ին գնանք Գումի շուկա, տեսեք` ինչ միս են բերում, խորհրդային արտադրության «Ժիգուլի», «ԳԱԶ 24»-ի բեռնախցիկները բարձած: Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում` սատկած մսեր: Վերջերս մի մսավաճառի հետ եմ խոսում, ինչ է պատմում: Ասում է` 2 օրվա սատկած անասունը բերել են, ասում է՝ մենք միսը ոսկորից անջատել ենք, լողանալու վանայի մեջ լցրել ենք, մարգանցովկայի լուծույթի մեջ մի քանի ժամ թողնում ենք եւ գույնը փոխվում է եւ սա, մեր սերունդն է ուտում»:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ