Մհեր Գրիգորյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի հեռացող ղեկավարի հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Շեյն Ռոզենթալին, ով ավարտում է իր լիազորությունները Հայաստանում: Հանդիպմանը ներկա էր նաև գրասենյակի նորանշանակ ղեկավար Պաոլո Սպանտիգատին:

 

Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Շեյն Ռոզենթալին Հայաստանում պաշտոնավարման տարիներին կատարված աշխատանքի համար՝ ընդգծելով, որ ԱԶԲ-ն ակտիվորեն համագործակցում է թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածների հետ: Նա շեշտել է, որ պարոն Ռոզենթալի ղեկավարությամբ ԱԶԲ գրասենյակի հետ հարաբերությունները ակտիվորեն զարգացել են եւ այժմ գտնվում են բավականին բարձր մակարդակի վրա:

Փոխվարչապետը ողջունել է ԱԶԲ գրասենյակի նորանշանակ ղեկավարին եւ հույս հայտնել, որ ձեւավորված կառուցողական մթնոլորտում աշխատանքը նույն հունով կշարունակվի նաեւ իր պաշտոնավարման ընթացքում:

 

Շեյն Ռոզենթալը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին գնահատանքի խոսքերի եւ անկեղծ համագործակցության համար: Իսկ Պաոլո Սպանտիգատին վստահեցրել է, որ կներդնի բոլոր ջանքերը համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացումն ապահովելու համար:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի զարգացման ռազմավարության հիմնական ուղղությունները եւ ԱԶԲ հետ համագործակցության առանցքային ոլորտները:

Քաղաքականություն

Պատահարներ