Հայերը բոլոր երկրներում նպաստել են այդ երկրի շենացմանը. Փաշինյանը` Միլանում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ Միլանի Հայ առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Միլանից, վարչապետը ողջունեց ներկաներին, նշելով, որ ուրախ է հանդիպման և ստեղծված առիթի համար:

 

«Շատ ուրախ եմ այսօր այստեղ ներկա գտնվելու և իրար հետ լինելու առիթով, և շատ խորհրդանշական է, որ ես Իտալիա եմ ժամանել պաշտոնական այցով, բայց առայժմ գտնվում եմ բացառապես հայկական օրակարգի շրջանակներում: Մենք այստեղ եկանք Վենետիկից, որտեղ այցելեցինք Սուրբ Ղազար կղզի, Մխիթարյան միաբանություն, և ահա, մեր երկրորդ հանգրվանը Միլանի հայ առաքելական եկեղեցին է: 

 

Իսկապես, սա շատ խորհրդանշական է: Կապ չունի, թե ինչ օրակարգով, և որ երկիր ենք գնում, սկսած Սինգապուր կատարած իմ այցից, մենք տեսնում ենք հայոց պատմության յուրօրինակ նմուշներ, աշխարհի բոլոր կողմերում հանդիպում ենք մեր հայրենակիցների հետ, և մեր այսպիսի սփռվածությունն աշխարհում, որպես կանոն ընկալում ենք մեր պատմական դժբախտության հետևանք, բայց այս նոր ժամանակներում մենք պետք է փորձ անենք այդ պատմական մեր դժվարությունների հետևանքները դարձնելու մի նոր առավելություն մեր ժողովրդի, պետության համար, որովհետև այս ուժը, որ մենք ունենք ամբողջ աշխարհում, շատ կարևոր եմ համարում: 

 

Սինգապուրի ամենահին եկեղեցին հայկական եկեղեցին է: Հայերը բոլոր երկրներում նպաստել են այդ երկրի շենացմանը, ավանդ են ունեցել այդ երկրի տնտեսության, մշակույթի, կրթության, գիտության մեջ: Սա մեր ազգի ու ժողովրդին բնորոշ ամենակարևոր գիծն է: Մենք այս իմիջով պետք է ներկայանանք աշխարհին»,- ասաց Փաշինյանը:

Քաղաքականություն

Պատահարներ