Պետք է անողոք պայքար մղել «օրենքով գողերի» դեմ. Տիգրան Ավինյան

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարում Վրաստանի փորձը օգտակար կլինի Հայաստանի համար։ Այս մասին ասաց Հայաստանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանիի հետ ճեպազրույցի ընթացքում, որը տեղի է ունեցել «Հայ-վրացական իրավական համագործակցություն» համաժողովի շրջանակում։

 

«Մենք սովորելու շատ բան ունենք Վրաստանից, նրանք մեծ փորձ ունեն։ Կան գործեր, որոնք ուղարկվել են ՄԻԵԴ, կան դատարանի որոշումներ։ Մեզ դա կօգնի ապագայում չկրկնել նույն սխալները», – ասաց Բադասյանը։

 

Նախարարի խոսքով` պետք է բացառվի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի պատրվակի տակ մարդու իրավունքների խախտման ցանկացած փորձ։ Բադասյանը նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանությունը ՀՀ կառավարության համար բացարձակ գերակայություն է։

«Պետք է անողոք պայքար մղել կազմակերպված հանցավորության դեմ։ Այդ մարդիկ պետք է զրկվեն ինչ-որ բանի վրա իրենց ազդեցությունը տարածելու հնարավորությունից», – ասաց նախարարը։

 

Իր հերթին Ցուլուկիանին նշեց, որ Վրաստանում «վարդերի հեղափոխությունից» հետո կտրուկ խստացրել են օրենսդրությունը «օրենքով գողերի» նկատմամբ։

«Այդ պայքարն անհրաժեշտ էր, բայց այն նաև բազմաթիվ թերություններ ուներ, որոնք վերաբերում էին մարդու իրավունքներին։ Մենք` որպես Վրաստանի նոր կառավարություն, պետք է վերացնեինք դրանք», – ասաց Ցուլուկիանին։

 

Նա նշեց, որ կազմակերպված հանցավորության դեմ պայքարն ավելի արդյունավետ է առանց մարդու իրավունքները հաշվի առնելու, բայց միայն կարճաժամկետ հեռանկարում։ Նրա խոսքով` պետք է հավասարակշռություն պահպանել։ Նախարարը հավաստիացրեց, որ Վրաստանի իշխանություններն աշխատում են այդ ուղղությամբ և արդեն զգալի հաջողություններ են արձանագրել։

 

«Մենք արդեն չունենք «օրենքով գողեր», որոնք ղեկավարել են հասարակությունը, ինչպես դա եղել է 10-15 տարի առաջ։ Բայց մենք պետք է պայքարենք նաև նման ցանցերը վերականգնելու փորձերի դեմ», – ասաց Ցուլուկիանին։

Հիշեցնենք` օգոստոսի 29-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատել էր ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը:

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նախաձեռնությունը մեկնաբանելով, ասել էր, որ քրեական ենթամշակույթը քրեականացնելը հնարավորություն կտա «սխոդկայականների», «օբշչյակների» մեջ ներգրավված մարդկանց ենթարկել պատասխանատվության։


 

Քաղաքականություն

Պատահարներ