Ավելի քան 350 դիմորդ կա. սկսվում է «1991» զորամասի դիմորդների քննությունները

ՀՀ Պաշտպանության նախարարությունը FAST հիմնադրամի հետ սկսում է 1991 զորամասի դիմորդների համար նախատեսված դասընթացների քննությունները։ Ավելի քան 350 դիմորդ կա: Այս մասին Ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ մամուլի խոսնալ Արծրուն Հովհաննիսյանը: 

 

Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերի 30-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարության, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) և «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամի միջև ստորագրվեց «1991 ստորաբաժանում» ստեղծելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:

 

«1991 ստորաբաժանում» ծրագրի նպատակն է ապահովել զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց շարունակական կրթության, բազմակողմանի զարգացման, մասնագիտական հմտությունների յուրացման հնարավորությունները: Ծրագրով նախատեսվում է ՀՀ զինված ուժերի կազմում ստեղծել նոր հատուկ միավոր, որի գործունեության արդյունքում հնարավոր կլինի իրականացնել ինչպես ամենօրյա, այնպես էլ միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրների լուծմանն ուղղված գիտահետազոտական նախագծեր և վերլուծություններ:

 

«1991 ստորաբաժանման» զինծառայողները ձեռք կբերեն հիմնարար և գործնական գիտելիքներ ու հմտություններ, որոնց շնորհիվ զորացրվելուց հետո հնարավորություն կունենան անցնել աշխատանքի ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումներում՝ շարունակելով կիրառել ստացած գիտելիքները և զարգացնել դրանք, աշխատանք գտնել առաջատար բարձր տեխնոլոգիական ընկերություններում, ընդգրկվել գիտահետազոտական լաբորատորիաների աշխատանքներում:

Քաղաքականություն

Պատահարներ