«Թող գնան, այլ երկրում մտահոգվեն. հստակ քայլեր են պետք». ակցիա՝ ԵՄ դեսպանատան առջև

Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա իրականացրին ՀՀ-ում ԵՄ դեսպանատան առջև՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը: Ընթերցելով ԵՄ-ին ուղղված ուղերձը՝ ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց, որ Արցախի անկախության միջազգային ճանաչումը հրատապ պահանջ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կանգնած ենք հումանիտար աղետի առջև:

«Դատապարտում ենք այն երկրների չեզոքությունը, որոնք փաստարկ են ներկայացնում, որ Արցախը ճանաչված չէ, և դրա արդյունքում մենք ունենք բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ, կանայք, և հիմա դրված է իր պատմական հողերում գտնվող հայ բնակչության էթնիկ բնաջնջման վտանգը»,-ասաց նա:

Ակցիայի մեկ այլ մասնակից ընդգծեց՝ միջազգային կառույցները թող այլևս չհորդորեն ու մտահոգություն չհայտնեն Արցախում ստեղծված իրավիճակի համար, քանի որ հստակ գործողություններ են պետք:

«Մենք այսօր կանգնած ենք ոչ թե մտահոգություններ լսելու, այլ որոշակի գործառույթներ իրականացնող մարմիններին պահանջ ներկայացնելու, թե ինչ է կատարվում, և ինչ են նրանք պարտավոր անել: Եթե ՀՀ-ում գտնվող միջազգային կառույցները սահմանափակվում են միայն երկու կողմերին ուղղված կոչերով կամ մտահոգություններ հայտնելով, թող գնան, այլ երկրում մտահոգվեն: Այլևս չենք հանդուրժում նման վարքագիծը և պահանջում ենք պարզ գործողությունների շարք, որ բխում է այդ կառույցների պարտականություններից: Վերջացրեք ձեր կոչերը, անցեք հաջորդ փուլին, կատարեք վերլուծություններ, կոչեք իրերն իրենց անուններով և կատարեք կոնկրետ գործողություններ»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Ակցիայի մասնակիցներից երեքին ԵՄ պատվիրակությունից ներս հրավիրեցին՝ ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ հանդիպելու համար:  

Ցուցարարները տեղեկացրին, որ բողոքի ակցիաները շարունակական բնույթ են կրելու, և այժմ էլ ակցիաներ են տեղի ունենում մի քանի դեսպանատների առջև, որ հնարավոր լինի համատեղ ջանքերով հասնել Արցախի ճանաչմանը:
 

Քաղաքականություն

Պատահարներ