Ձնամաքրման աշխատանքներն այս պահին հնարավոր չէ էֆեկտիվ իրականացնել.քաղաքապետարանի պատասխանը

Առատ տեղումների և երթևեկության խտության պատճառով Երևան քաղաքի որոշ հատվածներում ձնամաքրման աշխատանքներ չեն կատարվում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Իոսիֆ Կուբաթյանը։

«Այսօր առավոտվանից «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի 51 մեքենա ու մոտ 300 աշխատակից ներգրավված են ձնամաքրման աշխատանքներում։ Բայց առատ տեղումների և երթևեկության խտության պատճառով Երևան քաղաքի որոշ հատվածներում ձնամաքրման աշխատանքներն այս պահին հնարավոր չէ էֆեկտիվ իրականացնել։ Մեքենաների հոսքը շատ է, որոշ անպատասխանատու վարորդներ ամառային անվադողերով են երթևեկում, խցանումներ ու վթարներ են ստեղծում, ու մեր մեքենաները չեն կարողանում ձնամաքրում անցկացնել»,–ասաց Կուբաթյանը։

Նրա խոսքով` ձնամաքրման աշխատանքների համար կոնկրետ ժամացուցակ չկա, աշխատանքներն իրականացվում են շուրջօրյա` այնքան ժամանակ, որքան ձյուն է գալիս։

«Այսօր առավոտվանից աշխատանքները սկսել են, ամբողջ օրը շարունակվելու են, ներառյալ` գիշերը։ Անգամ եթե գիշերը ձյունը կտրվի, հաստատ գործ կլինի անելու», – ասաց Կուբաթյանը։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ Facebook-ում գրել է, որ ձնամաքրման աշխատանքները կատարում են հիմնարկի 29 միավոր աղ ցանող և ձնամաքրիչ տեխնիկան, 15 տրակտոր, 2 ինքնաթափ, ինչպես նաև «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները:

 

Քաղաքականություն

Պատահարներ