ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսեք, թե ինչ անմարդկային պայմաններում են ապրում պատերազմին մասնակցած զինծառայողները. ծնողներն ահազանգում են

Auroranews-ը ահազանգ է ստացել արցախյան երկրորդ պատերազմին մասնակցած զինծառայողների ծնողներից: Նրանք նշում ենք, որ իրենց երեխաները պատերազմի ծանր օրերն ապրելուց հետո հիմա էլ ապրում են անմարդկային պայմաններում: 

 

«Այդ ծայրահեղ ծանր օրերից հետո արդեն երկար ժամանակ է անցել: Սկզբում մտածում էինք, որ երկրի վիճակը խառն է, այդ պատճառով էլ չէինք խոսում այս մասին, բայց պատերազմի ավարտից մոտ 2.5 ամիս է անցել, և այլևս չենք կարող լռել: Նախկինում տեսանք, որ լռելը մեզ ոչ մի օգուտ էլ չի բերում: Չխոսեցինք բանակում եղած խնդիրների մասին, բայց երևի սխալ էր: Տեսեք, թե ինչ պայմաններում են ապրում մեր երեխաները: Ջերմուկի տարածքում մի կիսաքանդ շենք են հատկացրել, որը նույնիսկ չի ջեռուցվում և նորմալ պատուհաններ չունի: Ծնողներն են իրենց ուժերով փորձել մի երկու պատուհան փոխել, վառարաններ տարել, որպեսզի երեխեքը գոնե հերթափոխով քնելու սենյակ ունենան»,- մեզ հետ զրույցում ասացին զինծառայողների ծնողները, որոնց անունները հասկանալի պատճառներով չենք հրապարակում:

 

 Նրանց խոսքով, կիսակառույցում գտնվող տղաների թիվը մեծ չէ. «Մենք չենք մտածում, որ մեր երեխեքը պետք է արքայական պայմաններում լինեին, բայց դուք տեսեք, թե որտեղ են ապրում: Մոտ 80 զինծառայող կա, նրանց թիվն այնքան էլ մեծ չէ, որ չկարողանային մի նորմալ շենք վարձակալել: Ձմեռ է, մեր սիրտը մղկտում է: Մենք տանը տաք նստած ենք, իսկ իրենք նույնիսկ լողանալու, նորմալ սնվելու, տաք սենյակում լինելու հնարավորություն չունեն: Գիտենք, որ երեխեքը նեղանալու են, որ իմանան խոսել ենք այս մասին, բայց այլևս չէինք կարող լռել»: 

 

Auroranews-ը ահազանգը ստացել է մոտ երկու օր առաջ: Այս ընթացքում պարբերաբար փորձել ենք կապ հաստատել ՊՆ ներկայացուցիչների հետ, որպեսզի ներկայացնենք նաև նրանց տեսակետը կամ նույնիսկ անհրաժեշտության դեպքում նշենք, որ նման բողոք կա, որ ծնողները խնդրում են լուծել այս խնդիրը և պատրաստ ենք եղել որևէ նյութ չհրապարակել, սակայն մինչ այս պահը մեզ չի հաջողվել զրուցել նրանց հետ:

Քաղաքականություն