Եռակողմ հայտարարությունից հետո Կառավարության շենք մուտք գործած Սերգեյ Խառատյանը և Էդգար Գրիգորյանը կմնան կալանքի տակ

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, մերժել է նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, Կառավարության շենք մուտք գործած Սերգեյ Խառատյանի եւ Էդգար Գրիգորյանի որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոխարինել գրավով։

Նշենք, որ գրավի չափը սահմանվել էր 15 մլն ՀՀ դրամը։

NEWS.am-ի հետ զրույցում նրանց պաշտպաններից Ալեքսանդր Կոչուբաեւն ասաց, որ այս գործով դատարանը ենթարկվում է ճնշումների։

Կոչուբաեւի խոսքով՝ առաջադրված մեղադրանքը ծայրաստիճան անորոշ ու վերացական է. «Մեզ համար անհասկանալի է՝ ինչից պաշտպանվել։ Սերգեյ Խառատյանն անձամբ ցուցմունք է տվել այն մասին, որ տեսանյութի մեջ պատկերված անձն ինքն է։ Գործով երկու վկան եւս տեսել եւ ճանաչել են Սերգեյ Խառատյանին, տվել նույնաբովանդակ ցուցմունք»։

Պաշտպանը նշեց, որ դատարանը երկրորդ անգամ մերժում է Սերգեյ Խառատյանի եւ Էդգար Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը. «Դատարանը գտել էր, թե մնալով ազատության մեջ, կարող են անօրինական ազդեցություն ունենալ վկաների ցուցմունքների վրա։ Այն վկաները, ում վրա ենթադրաբար պետք է ազդեցություն ունենար Սերգեյ Խառատյանը՝ նույն ցուցմունքներն են տալիս։ Այսինքն՝ պետք է ազդի, որ իր դեմ ցուցմունք տան»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո մի խումբ քաղաքացիներ մուտք էին գործել ՀՀ կառավարության շենք, Ազգային ժողով եւ կառավարական առանձնատուն։

Այդ գործողությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե հափշտակվել է օծանելիք, համակարգիչ, ժամացույց։

Դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ, որից անջատված մասը մի քանի մեղադրյալների մասով ուղարկվել է դատարան։

Քաղաքականություն

Պատահարներ