Գերիների հարցով պատգամավորների աշխատանքային նոր խմբի կազմը կհաստատվի երկուշաբթի. «Փաստինֆո»

 Երկուշաբթի  աշխատանքային կարգով կքննարկվի  գերիների հարցով աշխատանքային նոր խումբ ձևավորելու հարցը: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ԱԺ պատգամավոր Վարդան Աթաբեկյանը՝ նշելով, որ խմբի ձեւավորման նախաձեռնությամբ հանդես են եկել  ԱԺ անկախ պատգամավորներ Վարդան Աթաբեկյանը, Աննա Գրիգորյանը, Թագուհի Թովմասյանը:

 

Նկատենք, որ երեք պատգամավորներն էլ նախկինում եղել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ, սակայն Նիկոլ Փաշինյանի կողմից կապիտուլյացիայի ակտը ստորագրելուց հետո դադարեցրել են իրենց համագործակցությունը իշխող ուժի հետ։

 «Աշխատանքային խումբ ստեղծելու հարցը քննարկել ենք ԱԺ անկախ պատգամավորների և Արցախի նախագահի հատուկ ներկայացուցիչ Բորիս Ավագյանի հետ, որը Ռուստամ Մուրադովի հետ զբաղվում է հայ գերիների վերադարձի հարցով»,-ասաց Աթաբեկյանը:

Աշխատանքային խմբին միանալու առաջարկ ուղարկվել է բոլոր պատգամավորներին, այս պահին արդեն եւս երկու անկախ պատգամավոր արձագանքել են խմբին  միանալու  առաջարկին։ Նախատեսվում է, որ խմբի վերջնական կազմը կհստակեցվի երկուշաբթի:

Պատգամավորի փոխանցմամբ՝ այն զբաղվելու է գերիների ցուցակների հստակեցման, վերադարձի հետ կապված տարբեր հարցերով:

Քաղաքականություն

Պատահարներ