Փոխվարչապետը բացառեց, որ եռակողմ աշխատանքային խմբում կարող է քննարկել Զանգեզուրի միջանցքի հարց

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը բացառում է, որ տնտեսական և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբում ինքը կարող է քննարկել Զանգեզուրի միջանցքի հարց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գրիգորյանն այս մասին վստահեցրեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

Դիտարկմանը, որ Բաքուն խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին՝ Գրիգորյանը արձագանքեց. «Միջանցք բառ ընդունված է օգտագործել որպես տրանսպորտային ուղի, բայց ես հենց այդ կապակցությամբ էլ շեշտում եմ, որ նույնիսկ որպես տրանսպորտային ուղի չի քննարկվելու նման որևիցե հարց»:

Նա վստահեցրեց, որ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում քննարկում են տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման տարբերակներ, որոնց իրավական կարգավորումն իրականացվելու է բացառապես ԱՊՀ-ի իրավական բազայով, միջազգային պայմանագրերով և կոնվենցիաներով, որոնք գործում են, և որոնց ՀՀ-ն միացած է: «Որևէ այլ ձևաչափով քննարկում ես չունեմ այդ հարթակում»,-նշեց նա:

Հիմա հիմնական աշխատանքն իրականացվում է փորձագիտական ենթախմբերի կողմից: Անդրադառնալով հարցին, թե եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ գերիների վերադարձի չկատարումը խոչընդոտո՞ւմ է ապաշրջափակման հարցով աշխատանքներին՝ նա նկատեց, որ նույնիսկ էմոցիոնալ իմաստով ապաշրջափակման հարցերի համար ֆոնը պետք է լինի շատ ավելի բարիդրացիական:

 

Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը 2020թ. նոյեմբերի 9-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների  եռակողմ հայտարարության կետերից է: Ապաշրջափակման հարցերի նպատակով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ ստեղծել է եռակողմ աշխատանքային խումբը, որը հայկական կողմից գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Քաղաքականություն

Պատահարներ