Վայոց Ձորում քրոջ որդու սպանության մեջ մեղադրվող տղամարդը ձերբակալվել է

Նախնական վարկածով` 29-ամյա երիտասարդը քեռուն արգելել էր մասնակցել հարազատ քրոջ հոգեհանգստի արարողությանը։ 
Վայոց Ձորի մարզի Վերնաշեն բնակավայրի բնակչի կողմից քրոջ որդու առերևույթ սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով մի շարք հանգամանքներ են պարզվել, ինչպես նաև պարզվել է սպանության շարժառիթը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ 

«Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ նախկինում անձնական հարցի շուրջ ունեցած տարաձայնությունների պատճառով, տուժողը քեռուն արգելել է մասնակցել հարազատ քրոջ հոգեհանգստի արարողությանը, որից հետո՝ 2021 թ. մայիսի 1-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրեն պատկանող երկփողանի որսորդական հրացանով Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղում գտնվող «Գետնատուն» ՍՊ ընկերության տարածքում քեռին մեկ կրակոց է արձակել քրոջ որդու ուղղությամբ, որը տեղում մահացել է»,- նշված է հաաղորդագրության մեջ: 

Տղամարդը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն)նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում է: 

Ինչպես արդեն հայտնել ենք, մայիսի 1-ին, ժամը 21:40-ի սահմաններում, «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց տեղափոխված վիրավորը որոշ ժամանակ անց, գիտակցության չգալով, մահացել էր: 
 

Քաղաքականություն