22-ամյա վարորդի BMW-ն տապալել է գովազդային վահանակը, կոտրել նստարանն ու հայտնվել ծաղկի սրահի մուտքի մոտ

Այսօր՝ հունիսի 17-ին, կասկադյորական ավտովթար  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 22-ամյա Էրիկ  Գասպարյանը իր վարած BMW 525 մակնիշի  ավտոմեքենայով Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի  գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, առաջ ընթացել, տապալել գովազդային հսկայական վահանակը, այնուհետև կոտրել մայթին տեղադրված նստարանը, առաջ ընթացել և հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում՝ բախվելով ծաղկի սրահի դռանը:

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com- ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն  ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի  1-03 շտապօգնության բժիշկների  հերթասպահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից, հայտնելով,  որ իրեն լավ է զգում: 

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը  եղել է Porsche Cayenne մակնիշի  ավտոմեքենայի վարորդի կողմից Է. Գասպարյանի համար վթարային իրավիճակ  ստեղծելը:  Porsche Cayenne –ի  վարորդն էլ դեպքի վայրից հեռացել է: BMW-ի  վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, , պարզվել է, որ նա սթափ է:

Քաղաքականություն