Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում. 63-ամյա վարորդը «Մոսկվիչ»-ով բախվել է երկաթե ճաղավանդակներին. կա վիրավոր

Երեկ՝ հունիսի 17-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում Մասիս քաղաքի բնակիչ՝ 63-ամյա Վարդան Շ-ն իր վարած «Մոսկվիչ 412» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Արտաշատի խճուղու թիվ 101/2 հասցեի դիմացի երկաթե ճաղավանդակներին։ 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com -ը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ 

 

Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ավտոմեքենան էլ, որը վերածվել է մոխրակույտի, հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Քաղաքականություն