Հերթական ահազանգը` խոտածածկ տարածքների դիտավորյալ այրման մասին. ՇՄՆ

Շրջակա միջավայրի նախարարությունը շարունակում է ահազանգեր ստանալ հանրապետության տարածքում խոտածածկ տարածքների այրման վերաբերյալ։ 
«Հերթական ահազանգն է ստացվել Արմավիրի մարզի Արշալույս համայնքին հարակից խոտածածկ տարածքների դիտավորյալ այրման մասին։ 
Շրջակա միջավայրի նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ ոստիկանություն, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB և Արմավիրի մարզպետարան` դեպքի հանգամանքներն ուսումնասիրելու և համապատասխան ընթացք տալու համար։ 
Հարգելի քաղաքացիներ, ևս մեկ անգամ հորդորում ենք զերծ մնալ նման գործելաոճից և հիշեցնում․ 
Մթնոլորտային օդի պահպանության մասին ՀՀ օրենքի հոդված 21-ի համաձայն արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում: 
Արգելվում է կենցաղային և արտադրական աղբը, ինչպես նաև տերևաթափից առաջացած թափոններն այրել բնական միջավայրում, բնակավայրերում, նրանց շրջակայքում ու դրանց այրման համար չնախատեսված կաթսայատներում, վառարաններում և այլ սարքերում: 
Շնորհակալություն ենք հայտնում ահազանգելու համար։ 
Նման դեպքերում անհապաղ ահազանգեք ՀՀ ոստիկանություն, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին կամ դիմեք շրջակա միջավայրի նախարարություն»։

Քաղաքականություն