«ՊՇՌ թեստեր իրականացնող բուժհաստատությունները բիզնես-ծրագիր են առաջ մղում». Նարինե Դիլբարյան

Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի գրառումը. «Արդեն ակներև է, որ COVID-19-ը թագավարակը, որն աշխարհը կանգնեցրեց համաճարակային մեծ արհավիրքի առջև, ոմանց համար ունի նաև հույժ դրական կողմ, կենտրոնանանք հայաստանյան «դրական» ազդեցությունների վրա, այսպես՝ ՊՇՌ թեստեր իրականացնող բուժհաստատությունները բիզնես-ծրագիր են առաջ մղում, ըստ որոշ գնահատումների՝ 3-4 հազար դրամ արժեք ունեցող թեստերը սկզբնապես իրացվեցին հույժ ազդեցիկ 15 հազար դրամով, այժմ էլ դա շարունակվում է, օդանավակայաններում անգամ փոքր երեխաներից պահանջում են 15 հազար դրամանոց թեստավորում, որի արդյունքին ու որակին էլ հավատալ հնարավոր չէ, նպատակը վճարը հավաքագրելն է, նոր տուրք, օդինը կար, հիմա վարակինը: Սակայն քանի որ քաղաքացիների վճարունակությունն ակներև իջել է, ու, ամենակարևորը, թեստավորումը դառնում է աշխատանքը պահելու հնարավորություն 14 օրը մեկ պարբերականությամբ, արդեն ՊՇՌ գինը նվազում է՝ 6-7 հազար դրամանոց «գայթակղիչ» առաջարկներ են արվում: Առողջապահության նախարարությունը կանխատեսելի վճռականությամբ հրաժարվում է գնագոյացման խնդիրների թնջուկից, իրենք չեն պատասխանատուն, բայց ինչ-որ մարմին պետք է զբաղվի այդ հարցով, անառողջ բիզնես միջավայր համաճարակի պայմաններում, քաղաքացիների առողջության խնդրի չարաշահմամբ գերշահույթների ապահովումը բացարձակ անթույլատրելի է: Որտե՞ղ է պետության վերահսկիչ ձեռքը.... ո՞ւր են ուղղվել և ուղղվում գերշահույթները, ի՞նչ նպատակների են ծառայում, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով կա, կոռուպցիայի կանխարգելման, ինչո՞ւ ոչ մի ատյանի ուշադրությունն այս իրավիճակը չի գրավում...»:

Քաղաքականություն