Քաղաքապետարանի «քթի տակ» վնասված դիտահորը վարորդների համար դարձել է պատուհաս

Երեկվանից SHAMSHYAN.com-ը ահազանգեր է ստանում քաղաքացիներից,  ովքեր  վրդովված հայտնում են, որ արդեն  3 օրից ավելի է, Երևանի կենտրոնում՝ Արգիշտի փողոցում՝ Երևանի քաղաքապետարանի  «քթի տակ»,  դիտահորը դարձել է իսկական պատուհաս վարորդների համար: Հարևանությամբ բնակվող բնակիչներն էլ ասում էին. «Գիշերները քնել չի լինում, քանի որ  վարորդները, չնկատելով այդ անհարմարությունը,  վթարի են ենթարկվում:  Միայն երջանիկ պատահականությամբ  է, որ զոհեր ու վիրավորներ չկան: Զանգահարել ենք Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ, «Վեոլիա Ջուր» ընկերություն, սակայն  ստացել ենք նույն քոփի փեստ արած պատասխանը՝ Ձեր զանգը գրանցվել է, հիմա կմոտենանք: Արդեն  3-րդ օրն է, մոտենում են: Ասես դարձած լինեն  «Նոյի ագռավ»:

 

Մնում է,  հետևներից  մի աղավնի ուղարկենք, որ լավ լուր բերի, իսկ լավ լուրը այն կլինի, որ գան  դիտահորը վերանորոգեն:  Միայն օպերատիվորեն   ահազանգերին արձագանքել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության  Երևանի գնդի  1-ին գումարտակի 1-ին  վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի, պարեկներ Նվեր Մուրադյանի, Տարոն Անտոնյանի գլխավորությամբ: Վերջիններս կարգավորում են նաև երթևեկությունը և ուղորդում վարորդներին, որպեսզի  չհայտնվեն վնասված դիտահորի «ճիրաններում»»: 

Քաղաքականություն