Մի քանի շաբաթ առաջ ադրբեջանցիները գողացել էին գերի ընկած արցախցու անասունները. ArmDaily

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ժամը 13։00-ի սահմաններում ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի 1956թ. ծնված բնակիչ Ս.Ս.-ի անհայտ կորչելու մասին: Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:

 

«Ինֆոտեկա24»-ն էլ այսօր գրել էր, որ ադրբեջանցի զինծառայողը սպանել է Արցախի Մարտունու շրջանի խաղաղ բնակչի:

ArmDaily.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասել է, որ սա արդեն սովորական դարձած երևույթ է։

«ԱԱԾ-ն արդեն հաստատել է, գիտեմ, որ բանակցությունները ընթանում են, էլի ռուս խաղաղապահների միջնորդությունը անհրաժեշտ կլինի։ Հուսով եմ, որ նորից վերադարձը կլինի մոլորյալի»,- ասել է Հակոբյանը։

 

Ինչ վերաբերում է «Ինֆոտեկա24»-ի հրապարակմանը՝ պատգամավորի կարծիքով՝ այն ճիշտ տեղեկատվություն չի։

«Ես բոլոր միջոցներով փորձեցի ճշտել։ Որևէ մեկը չհաստատեց դա, նույնիսկ զարմանում են, երբ փորձում ես նման ճշտում անել, որևէ մեկը տեղեկություն չունի։ Կարծում եմ՝ եթե դա իրականություն լիներ, ապա շատ արագ լուրը կհասներ։ Երևի թե, սկզբից հենց մոլորվածի մասին է խոսքը եղել, ուղղակի շփոթել են։ Ամեն դեպքում՝ ուզում եմ հուսալ, որ սխալ ինֆորմացիա է սպանությունը։ Չնայած ադրբեջանական ալիքները ևս այդպիսի ինչ-որ բաներ են գրում»,- ասել է պատգամավորը։

 

Արցախի նախագահի անվտանգային և տեղահանվածների հարցերով ներկայացուցիչ Վահան Բադասյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ կորած բնակիչը Ճարտարի այն նույն քաղաքացին է, ում 32 գլուխ կովն և 13 գլուխ հորթը հոկտեմբերի 3-ին ադրբեջանցիները գողացել էին։

«Այսօր  էլ նեյտրալ-չեզոք գոտում իր անասուններն էր պահում, հետո այնտեղից տարել են, բայց սպանության մասին որևէ փաստ չկա։ Առայժմ անհայտ է բնակչի ճակատագիրը»,- ասել է Բադասյանը։

Քաղաքականություն