Առեղծվածային հանգամանքներում մահացել է Ռուսական «Լուկօյլ» նավթային ընկերության նախկին թոփ մենեջերը

Առեղծվածային հանգամանքներում մահացել է Ռուսական «Լուկօյլ» նավթային ընկերության նախկին թոփ մենեջեր և միլիարդատեր Ալեքսանդր Սուբբոտինը, հայտնում է lenta.ru-ն։ Գործում շրջանառվում են այսպես կոչված շաման Մագուան և իր կինը։ Նրանք հաճախորդներ են ընդունում Միտիշչի քաղաքի տանը և նրանց բուժում այլընտրանքային մեթոդներով. ծեսերի ընթացքում նրանք օգտագործում են դոդոշի թույն, աքլորի արյուն և դիմում ոգիների օգնությանը:

Հայտնի է, որ մահացածը պարբերաբար օգտվում էր նրանց ծառայություններից և խնդրում, որ իրեն բուժեն խումհարից, սակայն բախտորոշ սեանսի ընթացքում նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Շամանը շտապօգնություն չի կանչել և սահմանափակվել է «Կարվալոլ»-ով, ինչից հետո Սուբբոտինին տարել է նկուղ։ Քիչ անց միլիարդատերը մահացել է։

Հիշեցնենք, որ վերջին շաբաթների ընթացքում սա Ռուսաստանի թոփ մենեջերների առաջին տարօրինակ մահը չէ: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին «Գազպրոմբանկ»-ի նախկին մենեջեր Վլադիսլավ Ավաևի և «Նովատեկ»-ի նախկին ղեկավար Սերգեյ Պրոտոսենիի մահվան մասին: Հետաքննության նախնական վարկածով՝ երկուսն էլ նախ սպանել են ընտանիքի անդամներին, որից հետո ինքնասպան են եղել։

Քաղաքականություն

Պատահարներ