Միրզոյանն` Ալմա Աթայում կայանալիք հանդիպման մասին

Հայաստանն ակնկալում է Ալմաթիի բանակցություններում Ադրբեջանի հետ քննարկել երկու երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հարցը։ Այս մասին այսօր ասել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հունգարիայի ԱԳՆ ղեկավար Պետեր Սիյարտոյի հետ մամուլի ասուլիսում:


Ավելի վաղ Հայաստանի ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններն Ալմաթիում տեղի կունենան մայիսի 10-ին:


«Երկու երկրների հետաքրքրությունն այն է, որ քննարկվի այն հարցը, որի շրջանակներում երկու երկրները փոխադարձաբար կճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Ալմա Աթայի պայմանագրի շրջանակներում»,-ասել է Միրզոյանը։


Նրա խոսքով ՝ երկկողմ հանձնաժողովները շարունակում են քննարկել սահմանների դելիմիտացիայի մանրամասները։


Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:


ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:


Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։


Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 35 սահմանային սյուն է տեղադրվել։

Քաղաքականություն