ՆԱՏՕ-ն պարտավոր է կատարել Թուրքիայի բոլոր պահանջները․ Բահչելի

«ՆԱՏՕ-ն պարտավոր է կատարել Թուրքիայի բոլոր պահանջները՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի դաշինքին անդամակցության հարցում, հակառակ դեպքում Անկարան կբարձրացնի դաշինքից դուրս գալու հարցը»,-հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, նախագահ Էրդողանի դաշնակից, Ազգայնական շարժում կուսակցության անդամ Դևլեթ Բահչելին։ 

Մեկնաբանելով ՆԱՏՕ-ին անդամակցելու Հելսինկիի և Ստոկհոլմի դիմումների հետ կապված իրավիճակը՝ նա պաշտպանել է Թուրքիայի նախագահի դիրքորոշումը, ով մի շարք պահանջներ է ներկայացրել դաշինքին այդ երկրների անդամակցության հաստատման դիմաց։ Բահչելին պահանջել է կատարել Էրդողանի հնչեցրած բոլոր պայմանները և հայտարարել, որ «Թուրքիան անօգնական չէ և ունի տարբերակներ»։ 

«Նույնիսկ ՆԱՏՕ-ից դուրս գալը պետք է օրակարգ մտցվի որպես այլընտրանքային ընտրություն, եթե հանգամանքները դառնան անլուծելի»,- ընդգծել է նա։ 

Ավելին, Էրդողանի աջակիցը ՆԱՏՕ-ին մեղադրել է Թուրքիայի հանդեպ անհարգալից վերաբերմունքի մեջ և առաջարկել է թյուրքական և իսլամական երկրների համար ՆԱՏՕ-ի նմանությամբ այլընտրանք ստեղծել։ 

Բահչելին Ֆինլանդիային և Շվեդիային մեղադրել է նաև թուրքական կառավարության դեմ հանդես եկող քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլեն FETO շարժմանը աջակցելու մեջ։ 

«Ինչպե՞ս կարող են նրանք այժմ անդամակցել ՆԱՏՕ-ին: Ինչպե՞ս ազգը կընդունի այս նվաստացումը»,-ասել է նա: 

 

Քաղաքականություն