Օտարերկրացիները հետաքրքրված են ՀՀ անշարժ գույքով․ ո՞ր երկրների քաղաքացիներն են գույք գնում այստեղ
ՀՀ անշարժ գույքը շարունակում է հետաքրքրել օտարերկրացիներին։ Այս մասին գրում է Sputnik Արմենիան՝ վկայակոչելով ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալներին։
Դրանց համաձայն` 2022թ–ի ապրիլին Հայաստանում գրանցված անշարժ գույքի 16 644 գործարքներից 430-ը կատարել են օտարերկրյա քաղաքացիները։
Այս ապրիլին օտարերկրացիները Հայաստանում գնել են 165 անշարժ գույք, վաճառել` 285-ը։ Ընդ որում` գրանցված 20 գործարքներում և՛ գնորդը, և՛ վաճառողը օտարերկրյա քաղաքացիներ են եղել։
Պաշտոնական վիճակագրության համաձայն` Հայաստանում անշարժ գույքով հետաքրքրված օտարերկրացիների շարքում առաջին տեղում են ՌԴ քաղաքացիները, որոնց մասնակցությամբ են կատարվել 430 գործարքներից 303–ը։ Երկրորդ տեղում եվրոպական պետությունների քաղաքացիներն են` 62 գործարքով, երրորդում` ԱՄՆ քաղաքացիները` 41 գործարքով։ ԱՊՀ անդամ մյուս երկրների քաղաքացիները Հայաստանում ապրիլին ընդհանուր 23 գործարք են կնքել։
Ընդ որում` գործարքների 64 տոկոսը վերաբերել են Երևանի տարածքում գտնվող գույքին, 12.7 տոկոսը` Կոտայքի մարզի, 6.7-ը` Արմավիրի, 3.6–ը` Արագածոտնի, 3-ը Լոռու մարզին։ Ամենաքիչ գործարքները` 0.6 տոկոս կամ ընդամենը 8 գործարք գրանցվել է Գեղարքունիքի մարզում։
Համեմատության համար նշենք, որ 2022թ-ի հունվարին օտարերկրացիները Հայաստանում կատարել էին 295 գործարք, փետրվարին` 341, մարտին` 424։