Մեր երեխեքի մանկությունը, պատանեկությունը գողացել ենք, հիմա պետք է  վերականգնենք․ Նազարյան

 Ցանկանում եմ առողջ հայրենիք, որտեղ միտքը, մարդու հոգին առողջ է, որտեղ չկա չարություն, նենգություն, որտեղ չկա խաբեություն, որտեղ երեխան պաշտպանված է բարի եւ ուժեղ պետության կողմից, որտեղ վերջին զանգից հետո երեխեքը գնում են սովորելու, լինի զինված ուժերում, լինի համալսարաններում, ոչ թե Վերջին զանգից հետո երեխեքին կտանեն դավադիր պատերազմ: Այս մասին, այսօր՝ հունիսի 1-ին, Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, ում որդին՝ Աբգարը, զոհվել է 44-օրյա պատերազմում:

 

«Ես ամեն ինչ անելու եմ, որ էլ ոչ մի 18 տարեկան երեխա դվադիր պատերազմներում չզոհվի: Որ մենք ունենանք տեսանելի ապագայում 5 մլն բնակչություն, ունենանք ամեն ընտանիքում առնվազն 3 երեխա: Ես ուզում եմ, որ երեխաները ոչ միայն ֆիզիկապես առողջ լինեն, այլեւ հոգով, մտքով: Մենք վատ բան ենք արել, մենք մեր երեխեքի մանկությունը, պատանեկությունը գողացել ենք, հիմա պետք է  վերականգնենք: Ես Աստծուն խնդրում եմ, որ այդպիսի հայրենիք տա մեր երեխեքին»,-ասաց նա:

 

Գեղամ Նազարյանը ցանկացած, որ ունենանք արժանապատիվ պետություն, որտեղ երեխաները գլուխները բարձր կքայլեն, կսիրեն մեր դրոշը, Ստեփանակերտը, Երեւանը, Հադրութը, Իջեւանը. «Սիրեն մեր քաղաքները, Շուշիում հայ երեխաները վազվզեն, ու դա լինելու է»:

  •  

Քաղաքականություն