Քերոբյանը Լարսում կհանդիպի ռուս գործընկերներին՝ անցակետի թողունակության հարցով

 Մենք շատ մտահոգ ենք այն իրավիճակով, որ ստեղծված է Վերին Լարսի անցակետում, եւ օրական մի քանի ժամ ես եւ իմ գործընկերները զբաղվում ենք այդ հարցերով, նաեւ ՊԵԿ-ը, ՏԿԵ նախարարությունը: Այս մասին, այսօր՝ հունիսի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

 

«Մեր ռուս գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ ենք, եւ տեսնում ենք՝ ինչպես են իրենք ջանում, որ Վերին Լարսում առաջացած բեռնափոխադրումների կտրուկ աճը սպասարկեն: Գիտեք, որ ամբողջ եվրոպական ուղղությունները, որոնք նախկինում գալիս էին Բելառուսի և Ուկրաինայի տարածքով, այժմ ստիպված են Թուրքիայի և Վրաստանի միջոցով մտնել Ռուսաստան: Այդ պատճառով այնտեղ առաջացել է շատ մեծ խցանում: Այնուամենայնիվ, հասկանալի է, որ արտահանողների համար շատ ծանր խնդիր է, և մենք մի քանի ուղղություններով աշխատում ենք, որպեսզի թեթևացնենք այդ բեռը»,- ասաց Քերոբյանը:

Օրինակ՝ նախարարը հիշեցրեց, որ հունիսի 15-ից արդեն գործելու է լաստանավային հաղորդակցությունը Վրաստանի և Ռուսաստանի միջև, որը թույլ կտա էապես թեթևացնել լարվածությունը: Ըստ նրա՝ կառավարությունը դրա համար հատկացրել է մոտ 2.5 մլրդ դրամ գումար՝ առաջիկա 6 ամսվա սուբսիդավորման համար:

 

«Երկրորդ՝ ես անցյալ շաբաթ խոշոր խորհրդակցություն եմ ունեցել ռուս գործընկերների հետ: Մենք միասին պլանավորել ենք հունիսի 11-ին հանդիպել նաև Վերին Լարսում, իրար հետ հասկանալ, թե ինչ հնարավորություններ ունենք՝ էլ ավելի արագացնելու Վերին Լարսի թողունակությունը: Կարծում եմ, մեր ամենօրյա աշխատանքային ռեժիմով կկարողանանք այնպես անել, որ սեզոնի սկզբին այս լարվածությունը էապես թուլացնենք»,- ասաց Քերոբյանը:

Նախարարը նկատեց, որ չնայած այդ բարդություններին՝ ապրիլին Հայաստանից արտահանման աճը կազմել է 20 տոկոս, ընդ որում արտահանումն աճել է ոչ հանքահումքային ապրանքների մասով:

 

ԵԱՏՄ բեռներն առանձին հերթով անցկացնելու հնարավորության վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Քերոբյանն ասաց, որ բանակցությունները դեռևս ընթացքում են, որոշ դրական տեղաշարժեր տեսնում են այդ ուղղությամբ, բայց դեռևս վերջնական դրական արդյունքի չեն հասել:

Քաղաքականություն