ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ կադրեր. Քաջարանը՝ թունավոր փոշու ամպի մեջ. FIP. am

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2021 թվականի տվյալներով Հայաստանի խոշորագույն հարկատուն է՝ վճարած 48․8 մլրդ դրամ հարկերով։  FIP. am-ի կադրերում երևոււմ է, թե ինչպես է անմիջապես Քաջարանին կպած հանքում պայթեցում իրականացվում, ինչպես է պայթեցումից հետո քաղաքը ծածկվում փոշու ամպով, ինչպես է քաղաքը սնուցող Ողջի գետը ցամաքում Կոմբինատի ջրառից հետո: Կադրեր են՝ խոշորագույն ձեռնարկության անբավարար աշխատանքային պայմանների մասին:

 

Զանգեզուրի լեռների և Մեղրիի լեռնաշղթայի միջև տեղակայված քաղաքը Քաջարանն է, քաղաքից քիչ հեռու, հնամաշ կտուրների տակի մի քանի տասնյակ ծուռումուռ տնակներով գյուղը Քաջարանցն է, որն էլ հենց տվել է իր անունը սովետական տարիներին ձևավորված արդյունաբերական քաղաքին։ 
 

Տարիների ընթացքում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը «կուլ է տվել» գյուղը։ Եթե 1931-ին Քաջարանցն ուներ 526 բնակիչ, ապա 2021-ին գյուղի բնակչությունը կազմում է ավելի քան երկու անգամ պակաս՝ 206 անձ։ 

 

Քաջարանի ու հարակից շրջանների օդն աղտոտող հիմնական օբյեկտը ԶՊՄԿ-ն է․ փոշու ծանրաբեռնվածությունը քաղաքի վրա մեծանում է Կոմբինատի արտադրական հզորության ընդլայնմանը զուգահեռ։ 
 

Եթե մինչև սեփականաշնորհումը՝ 2004 թվականը, ԶՊՄԿ-ն վերամշակում էր տարեկան 7-8 մլն տոննա հանքաքար, ապա 2021-ին Կոմբինատի տարեկան արտադրողականությունը կազմել է 17․6 մլն տոննա, իսկ արդեն այս տարի այն նախատեսվում է ավելացնել ևս 25 տոկոսով՝ դարձնելով 22 մլն տոննա։
 

Քաջարան քաղաքում փոշու մոնիթորինգ չի իրականացվում, իրականացվում է միայն ծծմբի երկօքսիդի և ազոտի երկօքսիդի մոնիթորինգ, FIP.am-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։  Նախարարության պատասխանում նշվում է, որ 2020 և 2021 թվականներին ծծմբի և ազոտի երկօքսիդի միջին տարեկան կոնցենտրացիաները չեն գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի չափը։

«Փաստերի ստուգման հարթակի» նկարահանող խումբը հանքավայրում պայթեցումներն արձանագրել է այս տարվա ապրիլի 19-ին։ 

 

Պայթեցումից րոպեներ անց քաղաքն ամբողջությամբ ծածկվում է փոշու ամպով, քանի որ Կոմբինատը գտնվում է անմիջապես քաղաքի վարչական սահմաններում, իսկ բանուկ բնակելի գոտուց մինչև բուն պայթյունի վայրը բաժանում է ամենաշատը 1-2 կիլոմետր։ Եթե քամին փչում է հակառակ ուղղությամբ, փոշին գնում է դեպի գյուղ։ ԶՊՄԿ-ի աշխատակից Գևորգ Մանուկյանն ասում է՝ այս պատկերը ամեն օր է․ հանքում գրեթե ամեն օր պայթեցումներ են, իսկ քամու, ուժեղ անձրևների դեպքում կեղտաջրերը լցվում են քաղաք, աղտոտում Ողջի գետը։
 

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության տվյալներով՝ 2019-ին ԶՊՄԿ-ում աշխատել է 4626 քաղաքացի, որոնցից 1052-ը կանայք են, 11-ը՝ օտարերկրյա քաղաքացիներ։
 

Գևորգ Մանուկյանի խոսքով՝ աշխատակիցները պարբերաբար առողջական վիճակը գնահատող ստուգումներ են անցնում, բայց իրականացված հետազոտությունները ցույց չեն տալիս քաջարանցիների մոտ առկա հիվանդությունների իրական պատկերը։
 

«Մարդն այստեղ չի էլ գիտակցում, որ հիվանդ է, նվիրվելով Կոմբինատին՝ գիշեր-ցերեկ հերթափոխով հասցնում է միայն աշխատել։ Մարդիկ կան, թաքցնում են, որ հիվանդ են, մյուսներն էլ իմանում են հիվանդության մասին, երբ դանակը ոսկորին է հասնում»,- ասում է Գևորգը։

 

Հայտնի չէ, թե ինչպես է հանքն ազդում քաջարանցիների առողջության վրա, քանի որ Առողջապահության նախարարության կողմից ևս երբևէ թիրախային հետազոտություն չի արվել։ Առողջապահության նախարարությունից FIP.am-ին տեղեկացրել էին, որ նման հետազոտության անցկացումը հետաձգվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով։ 

 

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն