Բա աշակերտները չճանաչե՞ն Ադրբեջանի դրոշը․ դպրոցի տնօրենը և ուսուցչուհին՝ դասարանում Ադրբեջանի դրոշի ներկայացման մասին․ Tert

Աշխարհագրության դասի ժամանակ եղել է Ադրբեջանի դրոշը՝ վրան խաչ քաշած, աշակերտների  սեղաններին միայն Ադրբեջանի դրոշը չէ, որ տեղադրված է եղել, բոլոր պետությունների դրոշները կային։ Դա եղել է ամփոփիչ դաս, պարզապես նկարին նայելով մարդիկ կազմել են իրենց սեփական կարծիքը։ Այս մասին Tert.am-ին հայտնել է Սևանի 4-րդ հիմնական դպրոցի տնօրեն Սվետլանա Մաթևոսյանը՝ անդրադառնալով մեծ աղմուկ հանած աշխարհագրության ամփոփիչ դասին, որի ընթացքում մյուս երկրների թվում ներկայացվել է նաև Ադրբեջանի պատմությունը և դրոշը։

 

«Բա աշակերտները չճանաչե՞ն դրոշը։ Դասի անցկացման մտահաղացումը եղել է աշխարհագրության ուսուցչուհունը։ Դասի ավարտից հետո տվյալ աշակերտը պատռել է դրոշը, այս արձագանքից հետո երեխան  իրեն մեղավոր է զգում։ Դա հո քարոզչությո՞ւն չէ, դաս է, գրքի մեջ կան այդ թեմաները»,- ասաց տնօրենը։

 

Հարցին՝ իր կարծիքով նման կերպով կներկայացվե՞ր արդյոք Հայաստանի պատմությունը Ադրբեջանի դպրոցներում և դասարանում կդրվե՞ր Հայաստանի դրոշը, Սվետլանա Մաթևոսյանը ասաց․ «Այո, կներկայացնեին, ես ինչքան գիտեմ Ադրբեջանում հայերեն լեզու են ուսուցանում դպրոցներում»։

 

Սվետլանա Մաթևոսյանը նշեց նաև, որ տեղյակ չէ, թե համացանցում աղմուկ բարձրանալուց հետո ինչո՞ւ են ջնջվել դպրոցի ֆեյսբուքյան էջում հրապարակված նկարները և հրապարակումը։

 

Tert.am-ը զրուցել է նաև աշխարհագրության ուսուցչուհի Լիլիթ Հայրապետյանի հետ։

 

«Ոչ մի քարոզչություն չի եղել, եղել է հերթական դասը։ Երեխաները ներկայացրել են Հարավարևմտյան Ասիայի երկրների պատմությունը, Ադրբջանինը, Թուրքիայինը, Իրանինը, Վրաստանինը և այլն։ Նույնիսկ ինձ ասել են՝ ի՞նչ ձևով ներկայացնենք Ադրբեջանի մշակույթը, ասել եմ՝ ինչ մշակույթ ունեն, որ ներկայացնեք, աշխարհագրությունից ինչ անցել եք, դա ներկայացրեք։ Ես միշտ պատգամում եմ իմ աշակերտերին սովորեն թշնամու լեզուն»,- ասաց Լիլիթ Հայրապետյանը։

 

Անդրադառնալով հարցին՝ ազգակցական որևէ կապ ունի՞ ինքը  ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի հետ՝ հաշվի առնելով, որ տարածված քննադատությունների կոնտեքստում ներկայացվում էր նաև նրանց միջև եղած բարեկամական կապը, Լիլիթ Հայրապետյանը ասաց․

«Ես Քրիստինե Գրիգորյանի քեռակինն եմ, ինչ կապ ունի իմ դասի հետ Քրիստինե Գրիգորյանը։ Հեռու ինձանից, որ ինձ հետ մի բան պատահի, Քրիստինե Գրիգորյանը չի գա, որովհետև ժամանակ չունի և  ազգակցական հարցերով զբաղվելու ժամանակ չունի»։

 

Հիշեցնենք, որ երեկ համացանցում քննադատություններ են սկսվել այն բանից հետո, երբ Սևանի 4-րդ հիմնական դպրոցի ֆեյսբուքյան էջում հրապարակվեցին լուսանկարներ աշխարհագրության դասի ժամանակ Ադրբեջանի պատմության ներկայացման և դրոշի տեղադրման հետ կապված։

Քաղաքականություն