ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հուլիսի 1-ից 300 հազարը գերազանցող գործարքները կիրականացվեն բացառապես անկանխիկ եղանակով

2022 թվականի հուլիսի 1-ից ֆիզիկական անձանց միջև 300 հազար դրամը գերազանցող բոլոր գործարքները կիրականացվեն բացառապես անկանխիկ։ Կառավարությունը հաստատեց նախագիծը։

Անկանխիկ կիրականացվեն նաև անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների և կազմակերպությունների կողմից իրականացվող բոլոր այն գործարքները, որոնց մի կողմը ֆիզիկական անձ է։

Վարչապետը նշեց, որ այս օրենքի ընդունման գլխավոր նպատակը կանխիկով շրջանառության կրճատումն է և ավելացրեց՝ 2022թ․ հուլիսի 1-ից բնակարաների և ավտոմեքենաների առքուվաճառքն այլևս կանխիկ դրամով հնարավոր չի լինի իրականացնել։

«Դրույթ է լինելու, ըստ որի՝ եթե հանկարծ որևէ պարագայում կանխիկ գործարք լինի և անկանխիկ փոխանցում չլինի, հետագայում այդ գործարքն առոչինչ ճանաչվի»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն էլ հավելեց, որ արդեն իսկ ընդունվել է որոշում, ըստ որի՝ կենսաթոշակային քարտերով անկանխիկ վճարումների դեպքում մինչև 10 տոկոս հետվճար է տրամադրվելու թոշակառուներին։
Նրա խոսքով՝ ծրագրին արդեն միացել է երեք բանկ․ շուրջ 560 հազար թոշակառուներից 390 հազարն արդեն իսկ բանկային քարտերով են թոշակ ստանում:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ նկատեց՝ ստվերի կրճատմանը զգալի կնպաստի նաև այն, որ հուլիսի 1-ից Երևանի բուժկենտրոններում ևս ցանկացած ծառայությունից օգտվելու համար քաղաքացին կվճարի միայն անկանխիկ եղանակով։

Քաղաքականություն