Հրմշտոցի ժամանակ ոստիկանները օպերատորից խլել են տեսախցիկի մոնոփոդը և դրանով ծեծել ցուցարարներին․ Սևակ Հակոբյան

Yerevan.Today կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Ուզում եմ շատ հակիրճ անդրադառնալ էն վայրենությանը, որ այսօր մեր գլխով անցել է։

Երեկոյան, երբ կառավարական ամառանոցների մոտ քաշքշուք տեղի ունեցավ ցուցարարների և ոստիկանների միջև, կարճ ժամանակ անց ուղիղ եթերը կորավ, ապա կորավ կապը մեր՝ Yerevan.Today-ի օպերատորի հետ։

Հրմշտոցի մեջ ուղիղ եթերի սարքը կորցրինք, քանի որ ոստիկանները խլում են օպերատորի ձեռքից կամերայի մոնոփոդը (սարքը, որի վրա ամրացվում է տեսախցիկը) և դրանով սկսում ծեծել ցուցարարներին։ Ոստիկանները ցուցարարներին ծեծում են էդ մետաղով։ Չգիտեմ, թե որ ցուցարարի մարմնի որ մասի վրա կոտրվում է սարքը։ Ոչ ուժեղ, բայց վնասվել է նաև օպերատորի ոտքը։

Մենք մեր փաստաբանների հետ կքննարկենք ոստիկանության գործողություններին մեր մասով իրավական ընթացք տալու հարցը։

Հուսով ենք նաև, որ ուղիղ եթերի մեր սարքը կկարողանանք հետ բերել»։

 

Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները այսօր՝ հունիսի 3-ին, նախաձեռնել էին ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում ԱԺ հայտարարության նախագիծն էր՝ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ, սակայն ՔՊ-ական պատգամավորները չեն ներկայացել նիստին եւ տապալել են այն: Նիստը վարող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցումը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ: 4 ժամը լրացել է ժամը 20։00–ին։

Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորները վերադարձել են Ֆրանսիայի հրապարակ, որտեղից էլ երթով հասել են Կառավարության շենք եւ շրջափակել բոլոր մուտքերը:

«Որեւէ մեկը շենք մտնելու փորձ չանի: Կառավարության բոլոր 6 մուտքերը փակում ենք, հետո ես կվերադառնամ էստեղ, մեր բոլորի պահանջը կհնչեցնեմ: Ոստիկանների հետ կոնֆլիկտի մեջ չենք մտնում»,- հայտարարել էր Սաղաթելյանը:

Մոտ երեք ժամ անց շարժման անդամները բացեցին Կառավարության բոլոր մուտքերը եւ շարժվեցին դեպի Կառավարական առանձնատուն, որտեղ՝ ըստ Իշխան Սաղաթելյանի, գտնվում էր Նիկոլ Փաշինյանը։

Երբ ցուցարարները ցանկանում էին շարժվել դեպի Ազգային ժողով, ոստիկանները հրաժարվեցին բացել ճանապարհը, ոստիկանների եւ ցուցարարների միջեւ սկսվեց բախում։ Ոստիկանները բիրտ ուժ կիրառելով, անգամ հարվածներ հասցնելով բերման ենթարկեցին բազմաթիվ ցուցարարների։ 


 

Քաղաքականություն