ՈՍ զորքերի սպառազինությունում կիրառված հատուկ միջոցների պիտանելիության ժամկետը լրացած է․ Արսեն Բաբայան

Ստացածս տեղեկությունների համաձայն ոստիկանության կողմից հատուկ միջոցներ են կիրառել ՀՀ ոստիկանության զորքերի թիվ 1032 (Դավիթաշենի զորամասի) և թիվ 1033 զորամասի (Արգավանդ) հատուկ միջոցներ կիրառող վաշտի անձակազմից։ Այս մասին գրում է «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը․ 

«Ոստիկանության զորքերի սպառազինությունում կիրառված հատուկ միջոցների պիտանելիության ժամկետը լրացած է, իսկ 2017թ-ից հետո կոնկրետ «Սվիրել» տեսակի լուսաձայնային արկ ձեռք չի բերվել։ Դրանց պիտանելիության ժամկետը ընդամենը 4 տարի է։ 

Այս հատուկ միջոցը կարող է կիրառվել միայն նման մարտական լրակազմի հաշվեկշռում առկա քանակից և բացառապես ՀՀ ոստիկանապետի գրավոր հրամանով կամ ցուցումով, կրկնում եմ, բացառապես գրավոր: 

Ըստ մասնագետների վկայությունների քաղաքացիների և ոստիկանության ծառայողների ստացած վնասվալքների ծանրության պատճառը հենց զինամթերքի ժամկետանց լինելն է: 

Ժամկետանց լինելու հանգամանքը հնարավոր է ստուգել միայն կրակված արկի պարկուճի զննությամբ, որի հնարավորությունն այս պահին ունի միայն ոստիկանությունը: Ամենևին պատահական չէ այն հանգամանքը, որ տեսանյութերից մեկում հստակ երևում է, որ ոստիկանության ծառայողը հատուկ խնամքով վերցնում է կրակված արկի պարկուճը, որպեսզի հնարավոր չլինի հետագայում զննությամբ ստուգել նշված հանգամանքը: 

Ոստիկանությունը պարտավոր է մանրամասն քննությամբ, հանրության համար ստուգելու հնարավորությամբ պատասխանել այս հարցին»,- Տելեգրամում գրել է Բաբայանը: 

 

Քաղաքականություն