ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ցեղասպանության թանգարանն ու Ոստիկանությունը` թուրք երիտասարդի սկանդալային տեսանյութի մասին

 Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հավերժական կրակի մոտ տանող ճանապարհին տեսախցիկներ չկան: Այս մասին  Sputnik Արմենիային հայտնել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արտաքին կապերի բաժնի ներկայացուցիչ Սերինե Մուրադյանը` մեկնաբանելով սոցցանցերում տարածված սկանդալային տեսանյութը: 

Ավելի վաղ սոցցանցերում տեսանյութ է հայտնվել, որում անհայտ տղամարդը հուշահամալիրի առջև ցույց է տալիս «գորշ գայլերի» նշանը` ասելով, որ եկել է «Հայաստանի ամենամեծ թատրոն»: 
«Հուշահամալիրի տարածքը հսկվում է, այնտեղ ոստիկաններ կան։ Կոնկրետ համալիր տանող ճանապարհին, որտեղ նկարահանվել է տեսանյութը, տեսախցիկներ չկան»,- ասաց Մուրադյանը։ 

Նրա խոսքով՝ տեսախցիկներ տեղադրված են «Հավերժության տաճարի» մոտ, ինչպես նաև ավտոկայանատեղիի հատվածում։ Հուշահամալիրի տարածքում հերթապահում են ոստիկանները, նրանք շրջում են տարածքում։ 

Ոստիկանությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ոստիկանությունը հսկում է տարածքը։ Սակայն այլ մանրամասներ տրամադրելու համար խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։ 

Այդ անձի այլ տեսանյութերում երևում է, թե ինչպես է նա զբոսնում Երևանում Թուրքիայի դրոշի կրծքանշանով, նկարվում Խոր Վիրապի առջև ու այցելում է Գյումրի։

Քաղաքականություն