Ես հայ չեմ, բայց Եռաբլուրում նոր գերեզմանները արցունքներ են բերում․ Լապշինը՝ հայերի և ուկրաինացիների տարբերության մասին

Ռուս-իսրայելցի լրագրող, բլոգեր Ալեքսանդր Լապշինն Ֆեյսբուքյան իր  էջում գրել է․ «Դուք կարող եք այլ կերպ վերաբերվել Ուկրաինայի իրավիճակին, կարող եք աջակցել այս կամ այն կողմին։ Սա ձեր սեփական գործն է: Ես նույնիսկ չեմ ուզում խորանալ քաղաքական ասպեկտների մեջ։ Ուկրաինան՝ աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը, երկիր, որն անկախության տարիների ընթացքում հաջողությամբ ոչնչացրեց ամենահզոր արդյունաբերությունը, ոչնչացրեց սեփական զինված ուժերը, միլիոնավոր սեփական քաղաքացիների բերեց զանգվածային արտագաղթի։ Այս ամենը օբյեկտիվ փաստեր են, որոնք Ուկրաինային դարձրել են ձախողված պետություն ինչ-որ տեղ երրորդ աշխարհի եզրին։

 

Բայց դուք կարող եք տեսնել, թե ինչպես են ուկրաինացիները կարողացել կազմակերպվել և համախմբվել վերջին վեց ամսվա ընթացքում: Ազգ դարձան, պետություն դարձան, ուժ դարձան։ Կրկնում եմ՝ անկախ նրանից, թե ինչպես եք վերաբերվում նրանց։ Սրանք նույնպես օբյեկտիվ փաստեր են։ Ինչպիսին էլ լինի ստեղծված իրավիճակի արդյունքը, Ուկրաինան երբեք նույնը չի լինի, քանի որ նրանք գիտեն, թե ինչի համար են պայքարում և դրանով կանգ չեն առնելու։ Տեսեք, թե ինչ վիթխարի ջանքեր են գործադրել ուկրաինացիները բանակի ամբողջական վերազինման, կադրերի պատրաստման, նոր ամենաառաջադեմ ռազմավարությունների և մարտավարությունների կիրառման համար։ Երեկ ես կարդացի, ավելին, ռուսական լրատվամիջոցներում, որ Ռուսաստանը մարտի դաշտում հետախուզության հետ կապված ահռելի դժվարությունների է հանդիպում, քանի որ ուկրաինացիներն ունեն անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի անհրաժեշտ միջոցներ, և Ռուսաստանը կորցնում է հարյուրավոր սարքեր։ Նույնը վերաբերում է մարտական ​​անօդաչու սարքերին, որոնք սովորաբար չեն հասնում իրենց թիրախներին։

 

Ինչո՞ւ եմ այս ամենը պատմում։ Այս օրերին իսրայելական լրատվամիջոցները լուրեր են հրապարակում այն ​​մասին, որ Իսրայելը Լեհաստանի միջոցով վաճառում է Ուկրաինային ամենաառաջադեմ հակադրոնային համակարգերը։ Ինչո՞ւ Լեհաստանի միջով։ Որպեսզի չթվա, թե իսրայելցիներն աջակցում են Ուկրաինային, կարևոր է Ռուսաստանի հետ եթե ոչ բարեկամական, բայց գոնե չեզոք հարաբերություններ պահպանել։ Գաղտնիք չէ, որ Իսրայելը ոչ միայն աշխարհում անօդաչու թռչող սարքերի և այլ ռազմական տեխնիկայի հիմնական արտադրողներից է, այլև դրանց դեմ պայքարի հիմնական մշակողներից ու միջոցներից։ Վերջին տարիներին Լիբանանից և Սիրիայից Իսրայել արձակված ոչ մի հետախուզական կամ մարտական ​​անօդաչու թռչող սարք չի հասել իր նպատակներին:

 

 

Պարզվում է, որ անօդաչու սարքերի դեմ պայքարելը միանգամայն հնարավոր է ու անհրաժեշտ։ Հայտնի է, որ թուրքական և իսրայելական անօդաչու սարքերը հայկական կողմին վիթխարի վնաս են հասցրել 2020թ-ին։ Թվում է, թե 2 տարի է անցել, հավանաբար պետք է հետևություններ արվեի՞ն։ Բայց երեկվա սրացումները Հայաստանի և Ադրբեջանի սահմանին և հերթական բայրաքթարները, որոնք բացարձակապես հանգիստ աշխատում էին հայկական տարածքում, ցույց տվեցին, որ եզրակացությունները դարձյալ չեն արվել։ Ուկրաինացիները կարողացան կես տարում կամ մեկ տարում ինքնակազմակերպվել ու փլուզված բանակից ստեղծել բավականին լուրջ մարտական ​​ուժ։

 

Ինչո՞ւ է Հայաստանը նորից ու նորից ոտք դնում նույն փոցխին։ Ադրբեջանցիները ոչ մի նոր բան չեն մտածել, նույն կանխատեսելի սադրանքները, նույն հարձակման միջոցները, նույն քարոզչությունը։ Եթե ​​գիտես, որ հակառակորդը նորից հարձակվելու է, եթե գիտես անգամ երբ է հարձակվելու, գիտես ինչ զենք է օգտագործելու, ինչո՞ւ երկու տարվա ընթացքում ոչինչ չի արվել։ Ինչո՞ւ նորից տասնյակ զինվորներ զոհվեցին, քանի որ չկառուցվեցին հզոր բունկերներ ու ապաստարաններ, ինչի պատճառով զինվորները կրկին հայտնվեցին մեքենաների անվադողերի ու ավազի պաշտպանության տակ։ Ինչո՞ւ են անօդաչու թռչող սարքերն անարգել թռչում հայկական դիրքերի վրայով, և չկան դրանց ճնշելու և անջատելու համակարգեր։

 

Իրականում աշխատում եմ չնյարդայնանալ ու շատ չմտածել դրա մասին։ Ի վերջո, ես հայ չեմ, Հայաստանի քաղաքացի չեմ, և չպետք է անհանգստանամ, քանի որ հայերի իրավունքն է կամ լինել ուժեղ, կամ երրորդ աշխարհի երկիր, որի վրա ոտքերը սրբելու են։ Բայց, միեւնույն է, ամոթ է, Եռաբլուրում նոր գերեզմանները արցունքներ են բերում»։

Քաղաքականություն