Արցախցիներն էլ կարող են Ադրբեջանում իրենց ինքնորոշման հարցը բարձրացնել․ Աղազարյան

Վերջին օրերին իշխանությունը նոր թեզ է սկսել շրջանառել․ Արցախին վերաբերող հարցերով պետք է բանակցեն պաշտոնական Ստեփանակերտն ու Բաքուն։ Այս թեզին զուգահեռ Ադրբեջանը շարունակում է իր գիծն առաջ տանել․ այն է, թե Արցախն իր տարածքն է, «ԼՂ էթնիկ համայնքի» անվտանգությունն էլ ինքն ապահովելու է։ Ահա այսպիսի ձևակերպում է նշված այն փաստաթղթում, որը, ըստ համացանցում շրջանառվող լուրերի, Վաշինգտոնում քննարկել են ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Ալիևի օգնական Հաջիևը:

 

Այդ փաստաթղթում, ի դեպ, արցախցին իր հողում որակվում է որպես ազգային փոքրամասնություն նաև...

 

Այս դեպքում ինչպե՞ս են բանակցություններ ընթանալու, ինչպե՞ս է այդ ձևաչափը պատկերացնում ՀՀ գործող իշխանությունը։ Թեմայի շուրջ MediaHub.am-ը զրուցել է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ։

 

Ստորև ներկայացնում ենք լրատվամիջոցի հարցազրույցը․  

 

«-  Պարո՛ն Աղազարյան, ինչպե՞ս եք պատկերացնում այդ բանակցությունների ֆորմատը։ Հավատո՞ւմ եք, որ Արցախի ու արցախցու մասին այսպես արտահայտվող Ադրբեջանը բանակցային սեղանի շուրջ է նստելու Արցախի հետ։

 

-  Ընդհանրապես ինչպե՞ս են լինում բանակցությունները նման դեպքերում, երբ այս կամ այն պետության մեջ ազգը որոշում է, որ պետք է ինքնորոշվի։ Այդ ձևով է լինելու բանակցությունը։ Բոլորս էլ շատ լավ գիտենք, որ Արցախի վերավերյալ ցանկացած բանակցային գործընթացի ժամանակ ՀՀ իշխանությունները որևէ բան չէին կարող նախաձեռնել՝ առանց Արցախի իշխանությունների համաձայնության։ Այս դեպքում ավելի նպատակահարմար է, որ հենց Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունները վարեն այդ բանակցությունները։ Եվ տեսնենք, թե բանակցություններն ուր կտանեն։

 

-  Դուք խոսում եք Արցախի  ինքնորոշման իրավունքի մասին, բայց մեր թշնամի պետությունն այդ մասին անգամ լսել չի ուզում․ նրանք արցախցու մասին որպես «էթնիկ համայնք» են խոսում։

 

-  Դա Ադրբեջանի դիրքորոշումն է, իսկ Արցախի ժողովուրդը հանրաքվե է արել ու անկախացել է։ Հետևաբար, դիվանագիտական բոլոր հնարավոր ճանապարհներով արցախցին պետք է պայքարի իր ինքնորոշման իրավունքի իրացման համար։ Մենք էլ պարտավոր ենք մեր ուժերի հնարավորությունների սահմաններում օգնել Արցախի ժողովրդին։

 

-  Պարո՛ն Աղազարյան, Ձեր թիմակիցները տարբեր ամբիոններից հայտարարում են, որ էլ չեն կարող աջակցել Արցախին, դուք այլ բան եք ասում։ Բացի այդ, խաղաղության պայմանագրով Արցախը ավտոմատ ճանաչելու եք Ադրբեջանի մաս։ Այս դեպքում ինչպե՞ս ենք աջակցելու Արցախին։

 

-  Եկեք մի պահ մի կողմ թողնենք Արցախի ինքնորոշման հարցը և այլ օրինակ քննարկենք։ Օրինակ՝ թալիշներն Ադրբեջանում ինքնորոշվում են, և մենք՝ որպես պետություն, պատրաստակամություն ենք հայտնում սատար կանգնելու թալիշ ժողովրդի ինքնորոշման իրավունքին։ Դա նշանակում է՝ մենք Ադրբեջանի նկատմամբ որևէ տարածքային պահա՞նջ ունենք։ Արցախի դեպքում, առավել ևս, մենք որևէ տարածքային պահանջ չունենք Ադրբեջանից։ Մենք ուղղակի սատար պետք է կանգնենք արցախցի ժողովրդի ինքնորոշման իրավունքին։

 

-  Ինչպե՞ս կարող եք համեմատական անցկացնել արցախցու ու թալիշների միջև, երբ արցախցին ունի հայրենիք, հանրաքվեով անկախացած պետություն։

 

-  Շատ ավելի լավ, որ արցախցին ունի հանրաքվեով անկախացած պետություն։ Այս դեպքում ավելի է հեշտանում գործընթացը, որովհետև այսօր, երբ արդեն միջազգային հանրությունը տեսնում է, որ Հայաստան-Ադրբեջան հարցը տարանջատված է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խնդրից, արդեն լուծումներ գտնելը ավելի հեշտ է դառնում։

 

-  Այսինքն՝ հույսներս միջազգային հանրության այսինչ կամ այնինչ բանը տեսնե՞լն է։ 

 

-  Փաստը մնում է փաստ, որ Արցախի ժողովուրդն ինքնորոշվել է, և հանրաքվե է անցկացրել իր անկախության համար։ Հետևաբար ադրբեջանական իշխանությունները երկու ճանապարհ ունեն՝ բանակցային ճանապարհով համոզել, որ Արցախի մեր հայրենակիցները հետ կանգնեն իրենց որոշումից, կամ բռնի ուժով ճնշել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Առաջին  տարբերակը քիչ հավանական եմ համարում, երկրորդ դեպքում էլ, եթե փորձեն ճնշել, ապա միջազգային հանրությունը երևի  համապատասխան արձագանք կտա։

 

-  Իսկ եթե չտա՞։ Երևիի հույսով ինչպե՞ս ենք առաջ  գնում։

 

-  Բայց ինչի՞, մենք ձեռքներս լվանո՞ւմ ենք Արցախի ժողովրդից։

 

-  Բա ի՞նչ ենք անում, պարո՛ն Աղազարյան։

 

-  Այսինքն՝ Արցախի իշխանություններին ձեր հայրի՞կն է փող տալիս, ես խաբար չեմ։

 

-  Այսինքն՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելով մենք շարունակելու ենք ֆինանսավորե՞լ Արցախին։ Այդ մասին որևէ հայտարարություն չի եղել։

 

-  Բա ի՞նչ ենք անելու։ Տեսնենք՝ ինչ է լինում։ Սպասենք զարգացումներին»։

Քաղաքականություն