«Չավուշօղլուն դժգոհել, թե Երևանի վրա ճնշում է գործադրվում». Կոստանյան

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը գրում է. «Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն TVNET հեռուստաալիքին տված հարցազրույցում դժգոհել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դրական գործընթացում պաշտոնական Երևանի վրա ճնշում է գործադրվում ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ հայկական Սփյուռքի կողմից։ Սա վկայում է, որ ամեն դեպքում հավաքական հայությունը Հայաստանից, Սփյուռքից և Արցախից թուրք-ադրբեջանական պարտադրվող պայմանավորվածությունների հանդեպ իր անհամաձայնությամբ արդեն սկսել է անհանգստացնել հակահայ/հակաարցախյան տանդեմին։

 

Եթե ոչ վաղ անցյալում թուրքական այս երկյակը հանգիստ ու վստահ էր, որ Հայաստանում, փաստորեն, իրական ու ծանրակշիռ ըմբոստություն չկա ընթացքող պրոցեսների նկատմամբ, հիմա ԱԳ նախարարի մակարդակով բողոքում է, հետն էլ ևս մեկ անգամ շեշտում, որ Երևանի և Անկարայի կարգավորման գործընթացն ու Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները չեն կարող ընթանալ միմյանցից առանձին։ Թուրք ԱԳ նախարարը, ըստ էության, նաև որոշակիորեն հաստատում է արդեն երկու օր շրջանառվող վաշինգթոնյան (ՀՀ կողմից դեռ չհաստատված) գաղտնազերծված այն փաստաթղթի պայմանավորվածությունը, որը, ըստ տարածվող տեղեկատվության, սեպտեմբերի 27-ին ձեռք է բերվել ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ ՀՀ Անվտանգության Խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի միջև կայացած հանդիպման արդյունքում։

 

Քանի որ պաշտոնական Երևանն այդպես էլ չհերքեց այդ փաստաթղթի գոյությունը, կարող ենք ենթադրել, որ Չավուշօղլուի կողմից հայտարարված՝ միմյանց տարածքային ամբողջականություն ճանաչելու, սահմանների դեմարկացիա անելու վերաբերյալ ձևակերպումները մյուս պարտավորություններով հանդերձ իսկապես գոյություն ունեն։

 

Ես միայն չեմ հասկանում տարբեր հանրային և քաղաքական գործիչների, տեղ-տեղ նաև այս հարցերով հետաքրքրված այն քաղաքացիներին, ովքեր իրենց անվերապահ պարտքն են համարում հերքել նմանօրինակ փաստաթղթի գոյություն ունենալու իրավունքը։ Ի՞նչն է այդքան անհնար, այն, որ այս իշխանությունն անունա՞կ է հասցնել տոտալ պարտության ու պարտվողական փաստաթուղթ ստորագրել թշնամական երկրների հետ, թե՞ չի գնա Հայաստանի ամբողջական կապիտուլյացիայի, երբ վարչապետի մակարդակով պարբերաբար հիշեցվում է 2-րդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիայի և այլ երկրների անվերապահ կապիտուլյացիաների հանգամանքը, զուգահեռներ տարվում ու ինչ-որ տեղ նաև դրական քողի ներքո ներկայացվում այդ հանգամանքը, թե՞ Արցախն Ադրբեջանին նվիրելու հավանականությունն է անհնար։ Ուզում եմ հասկանալ՝ ինչն եք մերժում և ի՞նչն եք հերքում։ Հիմա դուք ո՞ւմ կողմից եք»։

Քաղաքականություն