G7-ի առաջնորդները հանդիպում են անցկացրել Ուկրաինայի հարցով

 «Մեծ յոթնյակի» երկրների առաջնորդները տեսակապի միջոցով սկսել են արտահերթ հանդիպում՝ քննարկելու ուկրաինական օբյեկտներին զանգվածային հարվածների հետևանքները։ Ինչպես ավելի վաղ լրագրողներին հայտնել է Գերմանիայի կառավարության խոսնակը, G7-ի առցանց հանդիպումն ընթանում է պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով։ Համաժողովին հենց սկզբում որպես հյուր կմիանա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

 

 Ինչպես նշել է Գերմանիայի կաբինետի ներկայացուցիչը, համաժողովի մասնակիցները դժվար թե քննարկեն Կիևին զենք մատակարարելու հարցը։ Նրա խոսքով, դրա համար կա, օրինակ, Ռամշտայնի ֆորմատը, որին մասնակցում են ոչ միայն G7 երկրները։ Գագաթնաժողովում «Մեծ յոթնյակի» ներկայացուցիչներն առաջին հերթին կզբաղվեն «Ուկրաինայում վերջին էսկալացիայի հետևանքների հարցով»։ Հանդիպման մասնակիցները կքննարկեն նաև էներգետիկայի և դրա հետ կապված գնային հարցեր։ «Մեծ յոթնյակի» երկրները որոշել են արտահերթ հանդիպում անցկացնել այն բանից հետո, երբ նախօրեին Ռուսաստանի զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի ռազմական հրամանատարության և հսկողության, կապի և էներգետիկ օբյեկտներին։ Մոսկվան ընդգծել է, որ հարվածի նպատակն իրականացվել է, նշանակված բոլոր թիրախները խոցվել են։

Քաղաքականություն