«Հարգելի ԱԳՆ, կլինի՞ Կիևից ձեր դեսպանին տանեք, նենց մեկին բերեք, որ մեզնով զբաղվի». ուկրաինահայը վրդովված է․ MediaHub

Այսօր ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, թե Ուկրաինայում ՀՀ դեսպանությունն աշխատում է բնականոն հունով՝ պահպանելով անվտանգության անհրաժեշտ կանոնները:

 

Այս հրապարակումից հետո MediaHub-ի հետ կապ է հաստատել մեր հայրենակիցը Կիևից և դժգոհել՝ ինչո՞ւ ՀՀ ԱԳՆ-ն չի խոսում այն մասին, որ դեսպանության աշխատանքը ֆորմալ բնույթ է կրում և նրանք որևէ կերպ չեն արձագանքում ուկրաինահայերի խնդիրներին ու նրանց դիմումներին, հեռախոսազանգերին: Իսկ եթե հաջողվում է կապ հաստատել ՀՀ դեսպանի հետ, որը, նրա որակմամբ «շատ չոր ու կոպիտ անձնավորություն է», ապա առաջին հարցը, որ նա տալիս է, ոչ թե ի՞նչ է եղել, ի՞նչ է պատահել, այլ՝ որտեղի՞ց իր համարը շարքային քաղաքացուն.

 

«Այնպիսի տպավորություն է, որ Ուկրաինայում պատերազմ չկա, դեսպանն էլ ֆորմալ կատարում է իր պարտականությունները՝ դեսպանության շենքում: Բայց այդ պարտականությունները որևէ կապ չունեն իր հայրենակիցների հետ»,- դժգոհել է լրատվամիջոցի խմբագրություն զանգահարած անձը:

 

Ապա դիմել է ԱԳՆ-ին. «Հարգելի ԱԳՆ, կլինի Կիևից ձեր դեսպանին տանեք, նենց մեկին բերեք, որ մերը լինի, մեզնով զբաղվի, ոչ թե չգիտես ինչով»:

 

Քաղաքացին ասել է, որ հայերը շատ դեպքերում անգամ դեսպանատուն չեն էլ դիմում՝ անիմաստ ժամանակի կորուստ է, և միակ կառույցը, որ արձագանքում է նրանց, դա Լվովում մեր հյուպատոսարանն է, որը բավականին ակտիվ է, արձագանքում է հայերին, հնարավորինս օգնում ու աջակցում նրանց: 

 

«Հայերից շատերը հեռացել են Ուկրաինայից, դեռ ամիսներ առաջ: Ովքեր մնացել են, չասեմ՝ համակերպվել են ճակատագրի հետ, բայց դրա նման մի բան, ասում են, որ այստեղ իրենց տունն է ու ոչ մի տեղ չեն գնա՝ ինչ կլինի կլինի»,- ասել է նա:

Քաղաքականություն