Փորձ են արել այդ առաքելությունն ուղարկել նաև ադրբեջանական կողմից․ Իլհամ Ալիև

ԵՄ-ն փորձել է քաղաքացիական առաքելություն ուղարկել Ադրբեջանի տարածք, Բաքուն վճռականորեն մերժել է, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

 

«Հոկտեմբերի 6-ին Պրահայում Եվրոպական քաղաքական հանրության նոր պլատֆորմի շրջանակում քառակողմ հանդիպում է տեղի ունեցել Ֆրանսիայի նախագահի, Եվրամիության խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահ մասնակցությամբ։ Հանդիպմանը ժամեր շարունակված բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել Հայաստանի տարածքի մոտ՝ հայ-ադրբեջանական սահման ուղարկել Եվրամիության 40 հոգուց կազմված քաղաքացիական առաքելություն», - Աստանայում ԱՊՀ գագաթնաժողովին պատմել է նախագահ Ալիևը։

 

«Փորձ է եղել այդ առաքելությունն ուղարկել նաև ադրբեջանական կողմից, որը վճռականորեն մերժվել է մեր կողմից», - հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը հատուկ ընդգծելով՝ «այդ առաքելությունը կտեղակայվի Հայաստանի տարածքում՝ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում»։

 

Ալիևը իր ելույթում հայտարարել է նաև, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում Բաքուն Փարիզի միջնորդության որևէ հնարավորություն չի տեսնում Ֆրանսիայի նախագահի հայտարարություններից հետո։

 

«Այդ հայտարարություններում նա Ադրբեջանին մեղադրել է սարսափելի պատերազմ սկսելու համար՝ այդ կերպ շահարկելով փաստերը փորձել է ֆրանսիական և համաշխարհային հանրությանը մոլորեցնել», - պնդել է Ադրբեջանի նախագահը:

Քաղաքականություն