«Եթե Ռուսաստանը ցանկանա էլ Հայաստանին օգնել, հնարավոր է՝ չկարողանա»․ ԱՄՆ կոնգրեսական

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունը Հանրային հեռուստաընկերության եթերում խոսելով ռուս-ուկրաինական հակամարտության մասին՝ կարծիք է հայտնել, որ ռուսները պարտվում են և չեն կարողանա առաջիկա ամիսների ընթացքում դիմակայել ուկրաինացիներին. «Եթե ՌԴ-ը ցանկանա էլ ՀՀ-ին օգնել, հնարավոր է՝ չկարողանա. այնքան է սպառվել այս պատերազմում, որ իրենք նույնիսկ իրենց չեն կարող օգնել»:

 

Խոսելով ՀՀ տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության մասին՝ նա դիմել է ադրբեջանական կողմին. «Հեռացրե՛ք ձեր զորքերն այն տարածքից, որ գրավել եք մի քանի շաբաթ առաջ. եկե՛ք խաղաղության... Ալիևը միշտ փորձել է վախեցնել, որ կներխուժեմ, կգրավեմ և այլն, բայց ԱՄՆ-ը շատ հստակ ասել է, որ դա չի հանդուրժի, դա ընդունելի չէ, սակայն ես կասկած չունեմ, որ նա կշարունակի նույն հռետորաբանական, ռազմատենչ մոտեցումները։ Ադրբեջանի ուզածը Հայաստանն է՝ Հայաստանի տարածքը, այդ ցանկությունները ընդունելի չեն, սակայն, եթե Ադրբեջանը ագրեսիվանա ու ևս մեկ հարձակում գործի ՀՀ ուղղությամբ, ապա վստահաբար Թուրքիան կկանգնի Ադրբեջանի կողքին»»,- նշել է Փալոունը։

 

Խոսելով Արցախի մասին՝ կոնգրեսականն ասել է, որ Ադրբեջանը, որպես Խաղաղության համաձայնագրի մաս, անդամ, պետք է հասկանա, որ Արցախը կարգավիճակ ունի, և պետք է դրան ինչ-որ ինքնավար կարգավիճակ հաղորդի՝ այնտեղ հայկական մշակույթը, մարդկանց պահպանելու համար. «Ադրբեջանը, Ռուսաստանը և մնացած հետխորհրդային պետությունները պետք է հստակ հասկանան, որ Խորհրդային միության ժամանակահատվածում եղել են ինքնավար մարզեր, միայն Լեռնային Ղարաբաղը չէ, բազմաթիվ էին դրանք։ Դրանք կարգավիճակ են ունեցել Խորհրդային միության Սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղը ինքնավար մարզ էր և դա էլ պետք է շարունակվի»:

Քաղաքականություն