Պեսկովը` ՌԴ-ի ու Թուրքիայի համագործակցության մասին

 Գազի ոլորտում փոխգործակցությունը շարունակում է մնալ ՌԴ-ի ու Թուրքիայի միջև բարձրագույն մակարդակով քննարկումների օրակարգում։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

 

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ Ռուսաստանը կարող էր գազի տարանցումը «Հյուսիսային հոսքերից» տեղափոխել Սև ծովի տարածաշրջան ու Թուրքիա: Ռուսաստանի նախագահն քննարկել է այդ գաղափարը Էրդողանի հետ։ Նրանք հանձնարարել են մանրամասն և արագ մշակել հարցը։

«Ինչպես այդ հարցերը, այնպես էլ գազի մատակարարման հետ կապված հարցերը, իրոք, օրակարգում են և՛ բարձր, և՛ աշխատանքային մակարդակով։ Շփումները շարունակվում են», - ասել է Պեսկովը։

Նա տեղեկացրել է, որ Թուրքիայի տարածքում գազի հաբի ստեղծման մանրամասները մշակվում են, նախագծի կարևոր մասը կապված է գազի իրացման հետ:

«Երկու երկրների շահագրգռվածությունը գազային հաբ ստեղծելու հարցում շեշտվել է Աստանայում երկու նախագահների վերջերս կայացած հանդիպման ժամանակ, մանրամասները մշակվում են։ Մենք գիտենք, որ այնտեղ շատ կարևոր մաս կա, որը կապված է գազի վաճառքի հետ։ Այս հատվածը պարզվելուն պես հասկանալի կդառնան այս հանգույցի ուրվագծերը», - ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանն ու Թուրքիան հասկանում են, որ գազի շուկայում համաշխարհային կոնյունկտուրա կա, ոչ ոք չի պատրաստվում դուրս գալ բանականության սահմաններից։

 

Պեսկովը նշել է, որ Կրեմլում հիմքեր չեն տեսնում վախենալու, որ Թուրքիան կարող է չարաշահել գազի շուկայում գերիշխող դիրքը։

«Դա հասկանում են նաև մեր թուրք գործընկերները, դա հասկանում ենք նաև մենք, ուստի այստեղ նման մտահոգության հիմքեր չենք տեսնում», - ասել է նա։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ «Թուրքական հոսք» գազատար համակարգն անհրաժեշտության դեպքում ընդլայնվելու ներուժ ունի:

«Թուրքիայի հետ մեզ կապում է այժմ փաստացի խոշորագույն գազատար համակարգերից մեկը՝ «Թուրքական հոսքը», որն անհրաժեշտության դեպքում ընդլայնման լուրջ ներուժ ունի», - ասել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը:

Պեսկովը հիշեցրել է նաև, որ Թուրքիան չի միացել Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին, և ՌԴ-ից գազի խոշորագույն ստացողներից է։

«Թուրքիան կոլեկտիվ Արևմուտքի երկրներից տարբերվող դիրք է զբաղեցնում։ Թուրքիան պահպանում է իր միջնորդական ծառայություններից օգտվելու հնարավորությունը։ Թուրքիան հետևում է իր ազգային շահերին մեր երկրի հետ առևտրատնտեսական հարաբերությունների շարունակման առումով, այն չի միացել հավաքական Արևմուտքի պատժամիջոցային վարժություններին, և այդ առումով այն շահեկանորեն տարբերվում է ինչպես թուրք ժողովրդի համար, այնպես էլ մեր երկկողմ հարաբերությունների տեսանկյունից», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Քաղաքականություն

Պատահարներ