ՏԵՍԱՆՅՈՒԹ. «ԱԹՍ–ների դեմ լավագույն պաշտպանությունը ռուսականը չէ». Խաչատրյան

ԱԺ–ում լրագրողները պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանից հետաքրքրվեցին, թե համամի՞տ է ընդդիմադիր Տիգրան Աբրահամյանի կարծիքի հետ, թե այն զենքերը, որոնք այս պահին առաջնահերթ են Հայաստանի համար, կարող ենք գնել ՌԴ-ից: Խաչատրյանը նշեց, որ ՀՀ-ն ավելի շատ Ռուսաստանից է զինամթերք ձեռք բերում` պայմանագրային պարտականությունների շրջանակներում, սակայն զինատեսակներ կան, որոնք պետք է այլ երկրներից գնվեն:

 

«Զենքի լավագույն փորձաքննությունը պատերազմն է` մենք տեսել ենք 44-օրյա պատերազմ, տեսնում ենք ռազմական գործողություններ Ուկրաինայում, Սիրիայում, և մեր փորձագետները շատ ավելի լավ գիտեն` ինչ զենքեր են մեզ պետք։ Իհարկե, ռուսական զենքը մեր ռազմական հնարավորությունների գերակշիռ մասն է կազմում, բավականին լավ զինատեսակներ կան, որոնք իրենց արդարացրել և արդարացնում են բոլոր պատերազմներում, սակայն զինատեսակներ էլ կան, որ պետք է այլ երկրներից ձեռք բերվեն»,–ասաց Խաչատրյանը։

 

Խաչատչյանն ասաց, որ եթե Տիգրան Աբրահամյանը հետևի պատերազմական գործողություններին, կհասկանա, որ ԱԹՍ–ների դեմ լավագույն պաշտպանությունը ռուսականը չէ» և հավելեց, որ զենքի ձեռբերման գործընթացներն ակտիվ իրականացվում են` մի շարք երկրների հետ են այդ խոսակցություններն ու քննարկումները տարվում։ Խաչատրյանի խոսքով` այն, որ մեզ օդ ու ջրի պես զենք է անհրաժեշտ այս պահին` քննարկման առարկա չէ։

 

Ինչ վերաբերում է օդը փակելուն, ապա Խաչատրյանը նշեց, որ հայկական արտադրողներն էլ ունեն ռադիոէլեկտրոնային պայքարի բավականին լավ մշակումներ, այսինքն` օդը փակելու պասիվ մեթոդներ։ Այս ուղղությամբ, ըստ Խաատրյանի, բավականին լուրջ աշխատանքներն են իրականացվում։

 

«Հայաստանի ապագան ռազմաարդյունաբերական երկիր լինելու մեջ եմ տեսնում։ Մենք այլ տարբերակ չունենք` պետք է կարողանանք լավագույն զենքերն արտադրել ու արտահանել։ Դրան հասնելու համար շատ բան է արվում, որի արդյունքները չեն ուզում ներկայացնել։ Ամենակարևորն ունենք հումքը` ինտելեկտը, մասնագիտական կարողությունները, ինչը զարգացնելու ենք»,–ասաց Խաչատրյանը։

 

Քաղաքականություն

Պատահարներ