«Ադրբեջանը մտադիր չէ այդ հարցը քննարկել ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ այլ պետությունների հետ». Հաջիևը պատասխանել է Գրիգորյանին

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը պատասխանել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը:

 

Ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Հաջիևը հայտնել է, որ սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի միջնորդությամբ Արմեն Գրիգորյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ ինքը հայտարարել է՝ Ադրբեջանը Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցը չի քննարկելու միջազգային գործընկերների հետ, քանի որ «դա Ադրբեջանի ներքին գործն է»։ Միաժամանակ, Հաջիևն ասել է, որ նման հարց քննարկվել է, սակայն որևէ համաձայնություն ձեռք չի բերվել:

 

«Հայտարարությունները, թե իբր Վաշինգտոնում ձեռք է բերվել համաձայնություն Ադրբեջանի ղարաբաղյան տարածաշրջանում բնակվող հայ բնակչության իրավունքների և անվտանգության վերաբերյալ միջազգային մեխանիզմներ ստեղծելու վերաբերյալ, կեղծ են։ Բանակցություններում որևէ հարցի քննարկում չի նշանակում, որ այդ հարցի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել։

Ադրբեջանը մտադիր չէ այդ հարցը քննարկել ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ այլ պետությունների ու կազմակերպությունների հետ»,- ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը՝ հավելելով, որ «հայկական կողմը փորձում է միտումնավոր խափանել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները և ստեղծել միայն բանակցությունների տպավորություն»:

 

Հիշեցնենք` Գրիգորյանը հայտարարել էր, որ Վաշինգտոնում «համաձայնություն է ձեռք բերվել ստեղծել միջազգային մեխանիզմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը քննարկեն Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը»։

Քաղաքականություն