ԱՄՆ-ն իրավունք չունի համաշխարհային ոստիկանի դեր խաղալ. Չինաստանի ԱԳՆ

Պեկինը դեմ է մարդու իրավունքների հարգման պատրվակով այլ երկրների ներքին գործերին միջամտելուն, ԱՄՆ-ն իրավունք չունի «համաշխարհային ոստիկանի» դեր խաղալ, ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը՝ մեկնաբանելով Չինաստանի և Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի ծրագրերի մասին մամուլում տարածված հաղորդագրությունները։ Տեղեկատվությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

 

Ավելի վաղ Wall Street Journal-ը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ը նախատեսում է ուրբաթ օրը նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի և Չինաստանի դեմ՝ այս երկրներում մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների դեմ։ 

 

«Չինաստանը կտրականապես դեմ է մարդու իրավունքների հարգման պատրվակով այլ պետությունների ներքին գործերին միջամտելուն, ԱՄՆ-ն իրավունք չունի իր հայեցողությամբ պատժամիջոցներ կիրառել այլ երկրների նկատմամբ և իրավունք չունի խաղալ համաշխարհային ոստիկանի դեր», - ասել է դիվանագետը։

 

Մաո Նինն ընդգծել է, որ Չինաստանը արդյունավետ միջոցներ կձեռնարկի իր օրինական իրավունքները և շահերը վճռականորեն պաշտպանելու համար։ Նա նաև հավելել է, որ Չինաստանը ձկնորսության ոլորտում պատասխանատու երկիր է և մշտապես համագործակցել է միջազգային հանրության այլ անդամների հետ ապօրինի ձկնորսության դեմ պայքարում։

Քաղաքականություն