Ղարաբաղի հարցը ադրբեջանական կողմի համար դարձել է «փիղը` սենյակում». Գրիգորյան

Ազգային ժողովում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշեց, որ ադրբեջանական կողմի մոտեցումները թույլ չեն տալիս գործընթացում առաջընթաց գրանցել: Նրա խոսքով` հայկական կողմը պնդում է, որ խաղաղության պայմանագիրը, որը պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի երկկողմ օրակարգն ամփոփող փաստաթուղթ, և Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքների և անվտանգության հարցը տարանջատել:


«Ինչո՞ւ է հայկական կողմը եկել այն եզրակացության, որ այդ հարցերը տարանջատված մնան, որովհետև երբ մենք Վաշինգտոնում քննարկումներ ենք ունեցել, և ավելի հստակություն է ստեղծվել միջազգային մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, մենք մեր հավանությունն ենք տվել, որ հարցերը տարանջատվեն: Բայց երբ միջազգային մեխանիզմի վերաբերյալ հստակություն չկա, ապա դա դժվարացնում  է հայկական կողմին խաղաղության պայմանագրի մասով առաջ գնալ: Ընդհանրապես Ադրբեջանի մոտեցումը, որ Ղարաբաղի հարցը լուծված է, որևէ ձևով չի օգնում այս հարցով առաջ ընթանալուն: Ղարաբաղի հարցը ադրբեջանական կողմի համար դարձել է «փիղը` սենյակում», այսինքն՝ խնդիրը կա, բայց փորձում են ձևացնել, թե այն չկա»:

 

Գրիգորյանը նշեց, որ հայկական կողմից աշխատանքները շարունակելու են այն ուղղությամբ, որ հարցերը տարանջատվեն:

Քաղաքականություն