«Կան բաներ, որոնք հնարավոր չէ հերքել». Գրիգորյանը հակադարձեց Հաջիևին

ԱԺ–ում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմետ Հաջիևի արձագանքին, հայտարարեց, որ Վաշինգտոնում ադրբեջանական կողմի հետ անցկացված բանակցությունների սենյակում միայն հայկական կողմը չի եղել` ամերիկյան կողմն էլ է ներկա եղել։

 

«Ինձ երբեմն թվում է` կան բաներ, որոնք հնարավոր չէ հերքել, որովհետև բազմաթիվ փաստական տվյալներ կան։ Այն, ինչ բանակցել ենք ադրբեջանական կողմի հետ, կա արձանագրություն, որի մասին ադրբեջանական կողմը տեղյակ է։ Զարմանում եմ, որ հերքվում են փաստված բաները»,–ասաց Գրիգորյանը։

 

Գրիգորյանն ընդգծեց, որ հայկական կողմը շարունակելու է աշխատել, որպեսզի հասկանան, թե որն է պայմաններ ստեղծելու այն մեխանիզմը, որպեսզի ԼՂ–ի և Ադրբեջանի միջև քննարկում տեղի ունենա պայմանավորվածության շուրջ։ Նրա խոսքով` վերջին շրջանում միջազգային գործընկերների հետ աշխատանքներում նկատել են, որ նրանց կողմից էլ հետաքրքրություն կա այս ուղղությամբ աշխատանքները շարունակելու։ 

 

Հիշեցնենք` Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը պատասխանել էր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը: Հաջիևը հայտնել է, որ սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի միջնորդությամբ Արմեն Գրիգորյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ ինքը հայտարարել է՝ Ադրբեջանը Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցը չի քննարկելու միջազգային գործընկերների հետ, քանի որ «դա Ադրբեջանի ներքին գործն է»։

Քաղաքականություն