Պետական պահպանությա կհատկացվի միայն նախագահին, վարչապետին ու ԱԺ նախագահին. նախագիծ

 ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը կդառնա վարչապետին ենթակա մարմին: Ազգային ժողովում մեկնարկել է նախագծի քննարկումը, որը ներկայացնում է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

 

Պետական պահպանության ծառայության պետին կնշանակի վարչապետը, իսկ նրա՝ զինվորական պաշտոն զբաղեցնող տեղակալին՝ ՀՀ նախագահը:

«Կարծում եմ՝ այստեղ որևէ ճգնաժամ չի լինելու, որովհետև համակարգային առումով կուռ համակարգ է լինելու ու այս տրամաբանության շրջանակներում որևէ խնդիր չկա», - նշեց ԱԽ քարտուղարը:

 

Նախկինում նախագահին տրվում էր ցմահ պետական պահպանության ծառայություն. այժմ այդ ծառայությունը կտրամադրվի պաշտոնաթող լինելուց հետո ևս 7 տարի, իսկ վարչապետի դեպքում դա կլինի 10 տարի։

Գրիգորյանն ասաց, թե այս հարցը երկար քննարկումների առարկա է եղել, թե ինչու 7 և 10 տարի:

«Մենք փորձել ենք որոշակի չափով բալանսավորված որոշում կայացնել: Սա կարելի է անվերջ քննարկել, բայց պետք էր վերջնական որոշում  կայացնել՝ վերջնական լուծում գտնելու համար», - ընդգծեց նա:

 

Նոր օրենքով երեք պաշտոնյայի կհատկացվի պետական պահպանության ծառայություն՝  նախագահին, վարչապետին ու ԱԺ նախագահին:

Արմեն Գրիգորյանը, սակայն, ասաց, թե, ըստ իրավիճակի, կարող է անհրաժեշտություն լինել այլ պաշտոնյաների էլ հատկացնել պետական պահպանության ծառայություն, բայց դա կորոշի միայն վարչապետը:

Քաղաքականություն