Մեծ Շենում խանութ չի գործում․ համայնքապետը պատմեց, որ գյուղի բժիշկը Երևանում է մնացել

Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ փաստացի շրջափակման մեջ դնելով Շուշիի շրջանի Մեծ Շեն, Հին Շեն, Եղծահող և Լիսագոր գյուղերը։ Երեկվանից էլ դադարեցվել է Արցախի գազամատակարարումը։

 

Radar Armenia-ի հետ զրույցում Մեծ Շենի համայնքապետ Դավիթ Դավթյանը նշեց, որ գյուղում խուճապային տրամադրություններ չկան, ամեն բան կարգին է։ Սակայն նա ներկայացրեց նաև ստեղծված իրավիճակի հետևանքով առաջացած դժվարությունները. «Ճիշտ է, գազ չկա, բայց հոսանք կա, հոսանքը նորմալ է»,- ասաց համայնքի ղեկավարը։ Նրա խոսքով՝ Արցախի իշխանությունները բանակցում են, որպեսզի հարցը լուծեն. «Տեսնենք՝ վերջն ինչ է լինելու: Ստեփանակերտ գնալու հնարավորություն չկա, փակ է։ Կապը միայն հեռախոսով է»:

 

Մեծ Շենի ղեկավարն ասում է, որ գիշերը ճանապարհին մնացած մոտ 8 ավտոմեքենա է գյուղ եկել, բոլորին էլ տեղավորել են. «Ինչքան հնարավոր է, Լիսագոր, Մեծ Շեն և Հին Շեն գյուղերում այդ մարդկանց մի կերպ տեղավորում ենք, գյուղացիների միջոցով պահում ենք»։

 

Հետաքրքրվեցինք՝ ինչի՞ կարիք կա գյուղում։ Համայնքի ղեկավարն ասաց, որ եթե այսպես երկար շարունակվի, շատ բանի կարիք կլինի․ «Այս պահին Մեծ Շենում խանութ չի գործում, ծխախոտ չկա, մարդիկ չգիտեն՝ որտեղից ծխախոտ գնեն։ Հիվանդ մարդկանց դեղերը վերջանում են, կրկին չգիտեն՝ ինչ են անելու։ Սննդի խնդիր չկա»,- ասաց Դավթյանը։

 

Համայնքի ղեկավարի խոսքով՝ գյուղում բժիշկ էլ չկա. «Բուժքույր ունենք, բայց նա էլ Երևանում է մնացել։ Եթե բժշկի կարիք լինի, հարևան գյուղի բուժքրոջը պետք է բերենք, որպեսզի մարդկանց առաջին օգնություն ցույց տա»։

Քաղաքականություն

Պատահարներ