Հայաստանը ԼՂ անվտանգության երաշխավորն է, ՀՀ-ինն էլ ՌԴ-ն է. Փաշինյանը սիլոգիզմ ձևավորեց

 Բանակցությունների ընթացքում մենք ԼՂ ժողովրդի ճակատագիրը որոշելու հավակնություն չենք ցուցաբերում և ես կարծում եմ դեռ 2018 թվականին եմ ասել, որ դա սխալ բանաձև է։ Ճակատագրի հարցում որոշիչ դերը պետք է ունենա ԼՂ ժողովուրդը։ Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Դիտարկմանը, թե ինքն է բանակցողը, Փաշինյանն ասաց․ «Պետք է տեղի ունենա միջազգայնորեն տեսանելի բանակցություն Բաքվի և Ստեփանակերտի միջև։ Դա մեր բանակցությունների թեմաներից մեկն է»։

 

Խոսելով, այն մասին, որ փաստաթղթերով ամրագրված է՝ Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխավորը, Փաշինյանն ասաց․ «Հայաստանի Հանրապետության ստորագրությամբ են ՌԴ խաղաղապահ զորախումբը մուտք գործել ԼՂ, և ԼՂ-ում անվտանգության ապահովման միջոցների և մանդատի մասին, ինչպես արդեն ասեցի, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները ստորագրել են փաստաթուղթ»։

 

Փաշինյանը հիշեցրեց՝  նախատեսված է եղել, որ նաև Ադրբեջանի ՊՆ-ն ստորագրի այդ փաստաթուղթը, բայց դա տեղի չի ունեցել։

«Նաև սրանով է Հայաստանի Հանարպետությունը անվտանգության երաշխավորի իր դերակատարումը կատարում։ Տեսեք, եթե գնանք ավելի առաջ, Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է, սիլլոգիզմ փորձենք ձևավորել, ՀՀ անվտանգության երաշխավորը ՌԴ-ն է, այսինքն՝ միշտ այդ բանաձևով ենք առաջնորդվել, հետևաբար ՀՀ-ն այս տրամաբանությամբ եթե ինքն իր անվտանգությունը կարողանար ապահովել, մենք մեր անվտանգության հիմքում այն բանաձևը չէր լինի, որ ՌԴ-ն է ՀՀ անվտանգության երաշխավորը։ Հետևաբար, այդ հարցերը շատ լուրջ, բարդ հարցեր են և այդ հարցերի բարդության պատճառով է, որ մենք ուղղակի այդ հարցը մեկ կամ երկու գործողությունով հնարավոր չի և հնարավոր չի լինելու լուծել»,-ասաց նա։

Պատահարներ