Մարդիկ չեն կարողանա մեքենայի տեխզննում իրականացնել, եթե գազաբալոնի վկայագրում իրականացրած չլինեն. Սանոսյան

 Հայաստանում 166.000 վարորդ կատարել է մեքենայի գազաբալոնը պարտադիր ստուգելու պահանջը, սակայն ցուցանիշներն այդքան էլ չեն գոհացնում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին։ Նա այդ մասին հայտարարեց խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ` անդրադառնալով հարցին, թե ինչ փուլում է գազաբալոնների վկայագրման գործընթացը։ 
 

«Գործընթացը, իհարկե, ընթանում է։ Ցուցանիշներն այդքան էլ գոհացնող չեն։ Այս պահին 166.000 մեքենայի վարորդ է գազաբալոնը պարտադիր ստուգելու պահանջը կատարել։ Այդ ստուգումների ընթացքում մոտ 4800 բալոն խոտանվել է, և դրանցից 4400-ը ժամկետանց է եղել, իսկ ավելի քան 300-ն էլ հենց ստուգման ընթացքում պայթել են կամ վնասվել, ինչը ենթադրում է, որ մի օր դրանք կպայթեին և ցավալի հետևանքների կհանգեցնեին»,– նշեց Սանոսյանը։ 


Նա ընդգծեց, որ մոտ 60.000-62.000 մեքենա էլ հերթագրված է տվյալ ստուգումներն անցնելու համար։ ՏԿԵ նախարարության և գործարար միջավայրի համատեղ աշխատանքների արդյունքում հանրապետությունում արդեն իսկ 82 կայան կա, ինչի շնորհիվ վարորդների համար գործընթացը բավականին հեշտացել է։ 

 

Նախարարն անդրադարձավ նաև այն փոփոխությանը, համաձայն որի` մարդիկ չեն կարող մեքենայի տեխզննում իրականացնել, եթե գազաբալոնի վկայագրում իրականացրած չլինեն։ Նա կարևորեց այդ փոփոխությունները և շեշտեց, որ դրանով նպատակ ունեն ստուգումների շարքը հերթականությամբ իրականացնելու։ Այս փոփոխությունն ուժի մեջ կմտնի փետրվարի 25-ից։

Քաղաքականություն

Պատահարներ