Հնարավոր չի եղել ապահովել փլատակներում մարդկանց որոնման անհրաժեշտ տեմպը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստովանել է, որ կառավարությունը չի կարողացել այնքան արագ լուծել ավերիչ երկրաշարժի հետեւանքների հաղթահարման և փլատակների հեռացման հարցը, որքան կցանկանար։ Ըստ Hurriyet-ի՝ այս մասին նա հայտարարել է Ադիյաման քաղաքում:
 

«Այնքան շատ շենքեր են ավերվել այնքան մեծ տարածքում, որ չնայած մենք հավաքել ենք աշխարհի ամենամեծ որոնողափրկարարական ուժը՝ ավելի քան 140,000 մարդ, դեռ չենք կարողացել արագացնել աշխատանքը, որ այն ընթանա ճիշտ տեմպերով»,- ասել է նա` նշելով, որ փրկարարներն աշխատում են եղանակային բարդ պայմաններում։
 

«Մեզ համար ևս մեկ խոչընդոտ է դարձել այն փաստը, որ տարածաշրջանն այժմ ապրում է ինտենսիվ ձմեռային սեզոն, որը մենք վաղուց չէինք ապրում»,- հավելել է նախագահը։
 

Էրդողանը խոստացել է, որ կառավարությունը կվերակառուցի երկրաշարժից տուժած շրջանները՝ որպես տարեկան վերակառուցման ծրագրի մաս և աղետից տուժածներին կտրամադրի տարեկան վարձավճարով օգնություն։
 

«Մենք այնպես կանենք, որ մեր քաղաքացիները, ովքեր չեն ցանկանում մնալ վրաններում, կկարողանան տեղափոխվել բնակելի շենքեր՝ վճարելով մեկ տարվա վարձը»,- ասել է Էրդողանը։
 

Նրա խոսքով՝ իշխանություններն արդեն սկսել են շինարարության նախապատրաստական ​​աշխատանքները։
 

Երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 19,388 մարդ, վիրավորվել՝ 74,242 մարդ` ըստ Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության վերջին տվյալների։ Երկուշաբթի օրվանից երկրում գրանցվել է երկու հզոր երկրաշարժ և ավելի քան 11 հազար հետցնցում:

Քաղաքականություն

Պատահարներ