Արցախում պահեստազորայիններին վարժական հավաքների կանչել ըստ անհրաժեշտության

ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 21-ին հրավիրվել է  նիստ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։

 

Քննարկվել է Արցախի Հանրապետության նախագահի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»  օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ԱՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գնդապետ Սերգեյ Առստամյանը:

 

Նախագծով առաջարկվում է պահեստազորայիններին վարժական հավաքների կանչել ըստ անհրաժեշտության: Ընդ որում՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պահեստազորայինները վարժական հավաքների կարող են կանչվել  ոչ ավելի, քան երեք ամիս մեկ տարվա ընթացքում, ավագ ենթասպայական և սպայական (բացառությամբ բարձրագույն սպայական) կազմերի պահեստազորայինները կարող են կանչվել  ոչ ավելի, քան երկու ամիս մեկ տարվա ընթացքում:

 

Նախագծի ընդունմամբ` կապահովվի Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության ու պաշտպանության կազմակերպման և իրականացման հետ կապված միջոցառումների լիարժեք կատարումը, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի հավաքներին ներգրավված քաղաքացիներին զբաղվել նաև իրենց առօրյա հոգսերով:

 

Նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի խորհրդարանի հերթական նիստին:

Քաղաքականություն