Թուրքիայում 3 լրագրողի նկատմամբ քրեական գործ է հարուցվել` երկրաշարժի առնչությամբ հրապարակումների պատճառով

Ֆրիլանս լրագրող Միր Ալի Քոչերը, ով Թուրքիայի ավերիչ երկրաշարժից հետո իր տեսախցիկով գնացել է տուժած շրջաններ, զրուցել մարդկանց հետ ու «Թվիթեր»-ում կիսվել փրկվածների ու փրկարարների մասին պատմություններով, այժմ հետաքննվում է «կեղծ լուրերի» տարածման կասկածանքով, նրան սպառնում է մինչև 3 տարվա ազատազրկում:  Այս մասին գրում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով  BBC-ին:  

 

Նա առնվազն չորս լրագրողներից մեկն է, որոնց հետաքննում են երկրաշարժի մասին լուրեր հաղորդելու կամ մեկնաբանելու համար:

Քոչերն ազգությամբ քուրդ է, թղթակցում է ընդդիմադիր կայքերի: Երկրաշարժի գիշերը ինքը Դիարբեքիրում է եղել: Իր մեքենայով գնացել է  Գազիանթեփ քաղաք, ցնցվել երկրաշարժի  էպիկենտրոնին մոտ գտնվող քաղաքներում տեղի ունեցած ավերածություններից, զոհերից:

 

«Երբ բռնում էի խոսափողը, տեսախցիկի հետևում կամ տեսախցիկի առջև՝ ես չէի կարողանում զսպել արցունքներս», - պատմել է Քոչերը:

Քոչերը տպավորվել է Արևմտյան Թուրքիայից ժամանած կամավորների և փրկարարական խմբերի հոսքից ու նրանց մասին պատմություններով կիսվել «Թվիթեր»-ում:

 

Երկրաշարժից տուժած շրջաններ այցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժողովրդին ասել է, որ վերակառուցելու է իրենց քաղաքները, բայց նաև զգուշացրել, որ «կեղծ լուրեր» տարածողները և «սոցիալական քաոս առաջացնողները» քրեական պատասխանատվության կենթարկվեն: Թուրքիայի նախագահը նրանց անվանել է սադրիչներ։

 

Նշվում է, որ Թուրքիայում նոր օրենքն ընդունվել է հոկտեմբերին։ Այն քրեականացրել է ապատեղեկատվության հրապարակային տարածումը և պետությանը տվել է շատ ավելի լայն լիազորություններ՝ վերահսկելու լրատվական կայքերը և սոցիալական մեդիան:

 

Վենետիկի հանձնաժողովը՝ Եվրոպայի խորհրդի իրավական հսկողություն իրականացնող մարմինը, ասել է, որ օրենքը կխոչընդոտի խոսքի ազատությանը: Ընդդիմադիր կուսակցություններն այն անվանել են «գրաքննության օրենք»։

 

Ոստիկանությունը նրան հարցաքննել է երկրաշարժի էպիկենտրոնից տեղեկություններ հաղորդելու վերաբերյալ և մեղադրել կեղծ տեղեկություններ տարածելու մեջ։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Քոչերի դեմ հետաքննությունն անվանել է «աբսուրդ» և կոչ արել իշխանություններին դադարեցնել այն:

 

Ըստ Լրագրողների պաշտպանության կոմիտեի՝  առնվազն ևս 3 լրագրողի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Լրագրողներից երկուսը քննադատել են Կառավարության գործադրած փրկարարական ջանքերը: Մյուսը ձերբակալվել է «ատելություն հրահրելու» կասկածանքով՝ Կառավարության փրկարար ջանքերը քննադատող կամավորի հետ հարցազրույցի համար: Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ նա ավելի ուշ ազատ է արձակվել:

Քաղաքականություն